Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մեկնաբանել է Ղազախստանի նկատմամբ տոնած հաղթանակը.
«Զգացողությունները միշտ հաճելի են, երբ հաղթում ես, այն էլ՝ այպիսի դժվար խաղում: Իսկապես մենք մեզ համար խնդիրներ էինք ստեղծում առաջին կեսում, չօգտագործեցինք հարմար պահերը:
Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք, միակ բացասական բանը Գևորգ Ղազարյանի ցավալի վնասվածքն էր: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի և նա շուտով խաղադաշտ կվերադառնա:
Կարմիր քարտն, իհարկե, փոխեց խաղի ընթացքը, բայց ոչ՝ ամբողջությամբ: Եթե չխաղայինք, չէինք կարողանա հաղթել: Բայց իհարկե մենք սկսեցինք ավելի հարձակողական ֆուտբոլ խաղալ: Նրանց համար էլ էր դժվար, այդ իսկ պատճառով ճեղքեր առաջան և մենք օգտվեցինք դրանից:
Հանդերձարանում միշտ լավ տրամադրություն է, երբ հաղթում ես: Լավ է, որ հիմա բոլորը հաղթանակած կվերադառնան իրենց ակումբներ: Վստահ եմ՝ դա ինչ-որ լիցք կհաղորդի ֆուտբոլիստներին:
Արթուր Պետրոսյանի օրոք հավաքականը հարձակողական ֆուտբոլ է խաղում, ինձ թվում է՝ բոլոր թիմերը սիրում են այդպիսի ֆուտբոլ խաղալ: Նա նաև տակտիկական որոշ նրբություններ է մտցրել հավաքական, որոնք մեր ներքին խոհանոցին են վերաբերում, չեմ կարող մանրամասնել:
Արդյոք հիշու՞մ էի, որ 9 տարի առաջ հենց այս օրը իմ գոլի շնորհիվ հաղթեցինք Ղազախստանին. իհարկե: Ես յուրաքանչյուր խաղին նույն կերպ եմ տրամադրվում: Բոլոր խաղերին կենտրոնացումս 100 տոկոս է»:
Նշենք՝ ավելի ուշ Մանուչարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց` հաղթանակը նվիրելով վնասվածք ստացած Գևորգ Ղազարյանին.
«Քո հաղթանակն էր: Ուժեղ մնա ախպերս»,- գրել էր ֆուտբոլիստը:
armsport.am