Նատալյա Վոդյանովան ստորագրահավաք է սկսել «Եվրատեսիլ»-ին Սամոյլովայի մասնակցության օգտին
Advertisement 1000 x 90

Նատալյա Վոդյանովան ստորագրահավաք է սկսել «Եվրատեսիլ»-ին Սամոյլովայի մասնակցության օգտին

Ռուսաստանցի մոդել Նատալյա Վոդյանովան Change.org կայքում հանրագիր է զետեղել՝ պահանջելով երգչուհի Յուլյա Սամոյլովային թույլատրել մասնակցելու Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլ-2017»-ին: Գրառումն անելու պահին դիմումին աջակցել էր ավելի քան 50 հազար մարդ:

Վոդյանովան հանրագրում Սամոյլովային ներկայացրել է որպես «Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական խաղերի» պատանդ: Նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից երկիր երգչուհու մուտքի արգելքը խախտում է «Եվրատեսիլ»-ի կանոնները, ինչպես նաև Սամոյլովայի՝ որպես երաժիշտի և անհատականության իրավունքները:

Մոդելը հանրագիրը հասցեագրել է Եվրոպական հեռարձակողների միությանը (ԵՀՄ), որն ամեն տարի կազմակերպում է «Եվրատեսիլ»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և Կոնստանտին Էռնստին՝ Առաջին ալիքի գլխավոր տնօրենին, որը Սամոյլովային նշանակել է երաժշտական մրցույթում Ռուսաստանի ներկայացուցչուհի:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Յուլյա Սամոյլովային երեք տարով արգելել է մուտքն Ուկրաինա: Անվտանգության ծառայությունը գտնում է, որ 2015 թվականի ամռանը, ելույթ ունենալով Ղրիմում կայացած համերգում, նա խախտել է Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշումը, ըստ որի օտարեկրացիները պետք է հատուկ թույլտվություն ունենան թերակղզու տարածք այցելելու համար:

Սամոյլովան ինքը կարծում է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող է փոխվել: «Այս ամենին (Կիևի արգելքին) շատ ծիծաղելի է հետևել կողքից, որովհետև ես չեմ հասկանում, թե այնտեղ ինչ են տեսել ինձնում: Ինձնում՝ այս փոքր աղջկա մեջ, ինչ-որ սպառնալիք են տեսել: Ես, մեծ հաշվով, չեմ վշտանում: Շարունակում են պարապել, չգիտես ինչու կարծում եմ, որ ամեն ինչ դեռ կփոխվի»,- ասել է նա: