Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին. life.panorama.am

«32 թատրոն»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Կարեն Բաբաջանյանը վերջին շրջանում հաճախ է մեկնում Հայաստանից: Նա դադարեցրել է «32 թատրոն»-ի աշխատանքներն ու այս պահին ստեղծագործական գործունեություն չի ծավալում:

Life.panorama.am-ը ստեղծագործական դադարի, այլևս ոլորտում չգործելու լուրերի և երկրից ընդմիշտ հեռանալու մասին խոսել է Կարեն Բաբաջանյանի հետ:

«Վերջերս հաճախ եմ մեկնում ԱՄՆ, որտեղ ինձ լիարժեք ու հանգիստ եմ զգում: Այնտեղ կարողանում եմ լիցքավորվել ու կրկին վերադառնալ Հայաստան: Ստեղծագործական պասիվ շրջան է, քանի որ հիմա դեռևս մտածում եմ, թե ի՞նչ կարելի է անել, ինչ նոր բան ստեղծել, կամ ստեղծածն էլ նորովի ներկայացնել: Ինչպես այս երկրի թերևս բոլոր քաղաքացիները, այդ թվում և ինձ համար ժամանակ է պետք, որպեսզի հասկանամ անելիքներս, քանի որ այստեղ մի փոքր դժվար է նոր բաներ նախաձեռնելը:»,- նշեց Կ. Բաբաջանյանը:

Մեր հարցին, թե այս շրջանի դադարը Կարեն Բաբաջանյանի համար նորմալ ստեղծագործական գործընթա՞ց է, թե հիասթափությունների հետևանք, նշեց.

«Կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրն իր կյանքում պարբերաբար հիասթափություններ ապրում է: Ցավոք, այսօր բոլորս էլ ունենք հիասթափվելու պատճառներ: Եթե հիասթափությունը նոր ուժ է տալիս, գուցեև դա պարտադիր է մեզ համար: Մեկ-մեկ անվերջ ոգևորվելն էլ է վտանգավոր և սա ասում եմ իմ կյանքի փորձով»:

Մեր զրուցակցի խոսքով՝ ամենամեծ ափսոսանքը զգում է «32 թատրոն»-ի գործունեությանյ դադարեցման համար.

«Մենք, իհարկե, պատրաստի ներկայացումներ ունենք, որոնք կարող ենք խաղալ, բայց նոր ներկայացումներ, ցավոք, չկան: Խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է աջակցություն, որի պակասը շատ մեծ է: Մենք պետական թատրոն չենք եղել, ժամանակին ես իմ միջոցներով ստեղծեցի թատրոնը, որը ամեն մեկը չէր անի ու չէր կարող, բայց ես չեմ կարող միշտ իմ միջոցներով պահել թատրոնը, պետք է աջակցություն, սատարում, որը չկա: Բացի այդ, հիմա մարդիկ շատ անվճարունակ են, նրանց համար թատրոնը առաջին անհրաժեշտության բան չէ՝ ոչ հաց է, ոչ՝ շաքարավազ, որ իրենց ամեն ինչից կտրեն ու գան թատրոն: Այսօր մարդը պետք է հոգեպես խաղաղ լինի, որ գա թատրոն: Նա պետք է կուշտ լինի, որ մտածի հոգևոր սննդի մասին: Ինչևէ, ամեն դեպքում, պլաններ ունեմ թատրոնում նոր բաներ ստեղծելու, այնպես չէ, որ թատրոնի աշխատանքն ավարտված է»,- հավելեց Կարենը:

Հարցին, թե մտադրություն ունի արդյոք ոլորտից հեռանալու, պատասխանեց.

«Մտքեր գուցե եղել են, բայց իմ պասիվ գործունեությամբ հետաքրքրվածները շատ են, որոնք ինձ հույս են տալիս նման բան չմտածել: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ այլ աշխատանքով զբաղվելու դեպքում շատ հեռու լինեմ ոլորտից: Ես հպարտորեն եմ վերաբերվում իմ մասնագիտությանն ու ինձ լավ եմ զգում այս ասպարեզում»:

Կարեն Բաբաջանյանը բաց է յուրաքանչյուր հետաքրքիր առաջարկի համար.

«Այո, հիմա էկրաններին չեմ, կամ ակտիվորեն գործունեություն չեմ ծավալում, բայց այնպես չէ, որ ոչինչ չեմ անում: Շատ հետաքրքիր գաղափարներ են մշակվում, որոնց ցուցադրման հերթեը կգա»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե Կարեն Բաբաջանյանը, հաճախ մեկնելով ԱՄՆ, երբևէ մտածե՞լ է այնտեղ վերջնականապես հաստատվելու մասին, մեր զրուցակիցը միանշանակ պատասխան չտվեց, ու թեև փորձեց բացառել, սակայն նրա խոսքից հասկանալի դարձավ, որ հուսահատված է ու Հայաստանից հեռանալու մտքեր, այնուամենայնիվ, ունի.

«Իմ անձնական կյանքը չեմ սիրում հանրայնացնել: Բայց, կարծում եմ, բոլորն էլ մի պահ փակել են աչքերն ու մտածել են հեռանալու մասին, մտածել են, թե ո՞ւր կուզեին գնալ»,- ավարտեց նա:



Նման նյութեր