Վարդան Ոսկանյան. «Այցը խիստ կարևորվում է նաև քարոզչական բաղադրիչի առկայությամբ…»
Advertisement 1000 x 90

Վարդան Ոսկանյան. «Այցը խիստ կարևորվում է նաև քարոզչական բաղադրիչի առկայությամբ…»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի Facebook-յան գրառումը. «Վարչապետ Կարեն Կարապետյանի օրերս կայացած այցը Թուրքմենստան թեև նախընտրական Հայաստանի թոհուբոհի մեջ այդքան էլ չնկատվեց, սակայն չափազանց կարևոր էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման, այլ նաև Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ գործակցության ձևավորման հեռանկարի առումով:

Նման ձևաչափի հնարավորությունների մասին առաջին անգամ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Երևանում բարձրաձայնեց Իրանի նախագահ Հասան Ռուհանին, իսկ ընթացիկ տարվա ամանորյա արձակուրդներից հետո հենց առաջին աշխատանքային օրը Հայաստանում Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ վարչապետի ունեցած հանդիպումից հետո, դատելով առկա պաշտոնական սուղ տեղեկատվությունից, եռակողմ նոր ձևաչափի խնդիրը քննարկվել է Աշխաբադում և առաջիկա ապրիլին արծարծվելու է նաև Թեհրանում՝ մեր երկրի կառավարության ղեկավարի՝ Իրան կատարելիք այցի ընթացքում:

Բացի երկկողմ և եռակողմ համագործակցության հեռանկարներից, Կարեն Կարապետյանի թուրքմենական այցը, ինչու ոչ, խիստ կարևորվում է նաև քարոզչական բաղադրիչի առկայությամբ: Բանն այն է, որ օղուզական ծագման թյուրքական բնակչությամբ երեք պետություններից երկուսը՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հանդեպ որդեգրել են բացահայտ թշնամական գործելաոճ՝ հանդես գալով հայատյացության դիրքերից և փորձ կատարելով հայերիս և մեր պետությունը ներկայացնել իբր «հակաթյուրքականության պատվար», մինչդեռ վերը նշված պետություններից երրորդը՝ Թուրքմենստանը, ոչ միայն հիանալի հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ, այլև վերջինիս նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը դրանք բառացիորեն բնորոշում է որպես եղբայրական»:



Նման նյութեր