Ինչ է գտել հայ ջրասուզակների խումբը Սևանա լճի հատակում, և ինչու է ուզում գնալ Իսիկ Կուլ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ է գտել հայ ջրասուզակների խումբը Սևանա լճի հատակում, և ինչու է ուզում գնալ Իսիկ Կուլ

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խումբը համեմատաբար վերջերս գտել է Սևանա լճի հատակի ավազների տակ թաղված հնագույն բնակավայրի հետքեր: Ավելին. հիշյալ խմբի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանի տեղեկացմամբ, պատահականորեն հայտնաբերել են նաև ավազների տակ անցած հնագույն բուրգի վերին` գագաթային մասը, որն ավազների տակից ցցված է եղել մոտ մեկուկես մետր բարձրությամբ:

Մեծ Սևանի և Փոքր Սևանի միացման մասում, Արտանիշի հրվանդանի մոտ, Շորժայի հատվածում 4-10 մետր խորության վրա գտնվող այդ բնակավայրը, նախնական գնահատմամբ, մոտ 15 000 տարեկան է, իսկ տարածքը, ըստ նախնական չափումների, շուրջ 4 քառակուսի կիլոմետր:

Վերոնշյալ բացահայտումները նաև արտերկրում են հետաքրքրություն առաջացրել, հատկապես գիտական աշխարհում, մինչդեռ Հայաստանում գրեթե անտարբերություն է: Չկա այն հետաքրքրվածությունը, արձագանքը և հետազոտողների խմբին աջակցելու այն պատրաստակամությունը, որ պետք է լիներ մեր երկրի հնագույն պատմության հետ կապված այս բացահայտումների պարագայում: Մինչդեռ հիշյալ հետազոտությունները բավական ծախսատար են: Պատկերացում կազմելու համար տեղեկացնենք, որ մեկ անձի մեկ սուզման համար պահանջվում է 25-30 հազար դրամ, խումբն օրական կատարում է 1-2 ժամ տևողության երեք-չորս սուզում, իսկ մեկ սուզումը բավարարում է ընդամենը մոտ 100 քմ տարածք ուսումնասիրելու համար:

Սևանա լճի ստորջրյա հետազոտությունները նախաձեռնած խումբը, որի կազմում են նաև «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խմբի հրահանգիչ Արտակ Էլմասակյանը, Հանրային հեռուստաընկերության լրագրող Աննա Մարտիկյանը, անցյալ տարի գտել և նկարել է պատերի հետքեր, սարկոֆագի նմանվող դամբարան, քարից իրեր, ժայռափոր քանդակներ հիշեցնող կերտվածքներ, երկարությամբ ձգվող սալահատակներ, ինչպես նաև բուրգի վերին մասը, որի մասին արդեն նշեցինք:

Սևանա լճի հատակը հետազոտողների խումբն այս տարի ևս մտադիր է շարունակել իր հետազոտությունները:

Դեռ 2011 թվականին Ռաֆայել Մկրտչյանը Սևանա լճի հատակում, մեկ այլ մասում բացահայտել է մի քարանձավի մուտք: Ենթադրվում է, որ դա այն քարանձավն է, որով սկսվող թունելի ելքը, ըստ ավանդազրույցների, եղել է Բերդկունքի հատվածում 3000-4000 տարի առաջ կառուցված ամրոցի ներքևում: Հետազոտողների խումբն անցյալ տարի ցանկացել է պարզել, թե այդ ստորջրյա քարանձավն ուր է տանում: Սակայն ներս մտնել նրան չի հաջողվել, քանի որ հսկայական ժայռաբեկորները, որոնք հեռացնելու համար հատուկ տեխնիկա է պետք, փակած են եղել քարանձավի մուտքը:

«Մենք, իհարկե, ցանկանում ենք հնարավորինս շուտ սկսել մեր սուզումները, հետազոտությունները Արտանիշի, Շորժայի, Այրիվանքի հատվածներում, բայց քանի որ եղանակը դեռ թույլ չի տալիս, ստիպված ենք սպասել, հենց ջուրը բավականաչափ տաքացավ, կշարունակենք անցյալ տարվա հետազոտությունները»,- տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց Ռաֆայել Մկրտչյանը:

Ըստ նրա, քանի դեռ չեն սուզվել, չեն կարող ասել` վերստին կգտնե՞ն այդ հնագույն բնակավայրը, քանի որ ավազներն այն կարող են ամբողջովին ծածկած լինել: Հնարավոր է նաև հակառակը` ստորջրյա հոսանքների, շարժի շնորհիվ այդ երբեմնի բնակավայրն ավազներից կարող է ավելի ազատված լինել: Համենայն դեպս, հիմա դրա մոտավոր տեղը գիտեն: Մեզ, բնականաբար, հետաքրքրեց, թե արդյոք չկա՞ն սարքեր, որոնք թույլ կտան ավազի տակ հայտնաբերել ջրասույզ եղած բնակավայրն ու բուրգի թեկուզ գագաթը, չէ՞ որ գիտությունն ու տեխնիկան արագորեն զարգանում են:

«Այդպիսի տեխնիկա ընդհանրապես կա, բայց այն չի կարող այդպիսի խորություններում աշխատել, դրա համար մեր պեղումներն ավելի են բարդանում,- ասաց Ռաֆայել Մկրտչյանը: – Եթե այդպիսի սարք լիներ, որ մենք կարողանայինք օգտագործել, իհարկե, լավ կլիներ, բայց ամենավերջին այդ սարքերից մենք բերել, փորձարկել ենք, 1-2 մետրից արդեն չեն աշխատում, քանի որ ջրի ճնշումը բարձր է, դրանք նախատեսված չեն մեծ խորություններում աշխատանքի համար: Նույնիսկ նախկին սերնդի ստորջրյա տեսախցիկները 5-7 մետրից չէին աշխատում, կամայական ինչ-որ գործողություններ էին կատարում, քանի որ ջրի ճնշումից սեղմվում էին այդ սարքերի կոճակները:

Ի դեպ, Սևանա լճում ջրի տակ մենք կողմնացույց էլ չենք կարողանում օգտագործել, այն խաբում է մեզ, քանի որ հատակին երկաթի և այլ ապարներ կան, հզոր մագնիսական դաշտ կա, որը խանգարում է: Կողմնացույցով առաջնորդվելը վատ վերջաբան կարող է ունենալ, ավելի լավ է, մենք մեր «ուղեղի կողմնացույցով» կողմնորոշվենք: Այդ ջրասույզ բնակավայրը նորից գտնելուց հետո, դրա ստույգ տեղորոշման համար համագործակցելու ենք ռոբոտատեխնիկայի մի մեծ խմբակի հետ, որը պատրաստելու է դրոն (ուղղաթիռի նման անօդաչու փոքրիկ թռչող սարք): Դրանով փորձելու ենք չափագրել այդ բնակավայրը, քարտեզագրել, որպեսզի պատկերացում ունենանք, թե որքան է լինելու հետազոտությունների ծավալը: Քանի որ դա անցյալ տարի չկարողացանք անել, այս տարի առաջին հերթին կփորձենք այդ բնակավայրի չափերը որոշել, դրոնով վերևից նկարել հատակի վրա, 7-9 կետերում դրվելիք ուժեղ աղբյուրներից ճառագայթող լույսերը: Եթե ջուրը պարզ է լինում, ճառագայթները հստակ երևում են»:

Հիշյալ ակումբի ջրասուզակների խմբի ղեկավարի տեղեկացմամբ, Սևանա լճի հատակում պեղումներ կատարելը շատ դժվար է, ջրի տակ փորելու ինչ-որ սարք չկա, միայն բահն է, սակայն երբ դրանով փորձում են ավազը բացել, այն կողքերից նորից գալիս, լցվում է փորված տեղի մեջ:

«Սևանա լճի տակ ավազի հոսքը շատ մեծ է, բացի այդ, 8-9 մետր խորությունից ահավոր տիղմ է սկսվում, հիմնականում (տարածքի մեծ մասում) մեկից երկու մետրանոց տիղմի շերտ է, այն մաքրել հնարավոր չէ»,- ասաց Ռաֆայել Մկրտչյանը:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խումբը մտադրություն ունի այս տարի հետազոտություններ սկսել նաև Ղրղըզստանում գտնվող Իսիկ Կուլ լճի հատակում: Այստեղ, ինչպես արդեն հայտնի է, պատմահնագիտական միջազգային արշավախմբի անդամները հայտնաբերել են շուրջ 2500-ամյա բնակավայր:

«Մտադրություն ունենք այս տարի Իսիկ Կուլ գնալ, այնտեղ հայկական մեծ գաղութ է եղել, Իսիկ Կուլում ջրի տակ է մնացել հայկական վանքը,- տեղեկացրեց Ռաֆայել Մկրտչյանը: – Երկար տարիներ մարդիկ պեղումներ են անում, որպեսզի այդ վանքը գտնեն, սակայն անարդյունք: Մենք այս տարի, կարծում եմ, տեխնիկապես մի քիչ զինված կգնանք, որպեսզի գտնենք այդ վանքը, այն մեր ազգի պատմության հետ է կապված: Իսիկ Կուլի տարածքում մոտ մեկ միլիոն հայ է ապրել այն ժամանակ, երբ գործում էր Մետաքսի մեծ ճանապարհը»:

Rosnauka-ի փոխանցմամբ, ջրասուզակների ակումբի ղեկավար Դմիտրի Գորնն ասել է, որ 2015 թվականի ամենահետաքրքիր գտածոն, ըստ  արշավախմբի մասնակիցների, խեցե խոշոր կաթսան է, որի վրա կան պատրաստողների կնիքները: Նա նաև ասել է, որ դրանք կարող են հայ-սիրիական գրեր լինել, ինչը կարող է ևս մեկ ապացույցը լինել նրա, որ Իսիկ Կուլի տարածքում հին ժամանակներում եղել է հայկական վանք, որտեղ հանգչել են Մատթեոս առաքյալի մասունքները:

Մատթեոս առաքյալը մահացել է առաջին դարում: Այս վանքի մասին խոսակցությունները նոր չեն: Գոյություն ունի դեռ 1375 թվականի կատալոնյան մի քարտեզ, որի վրա վանքը պատկերված է լճի հարավային մասում: Սակայն տվյալ վայրում այն չի գտնվել: Ենթադրվում է, որ լճի մակարդակը հետագայում մեծ չափով բարձրացել է, ինչի հետևանքով վանքը ջրածածկ է եղել: Ընդհանրապես, վերջին տարիներին ավելանում են այն գիտնականները, որոնք հակված են կարծելու, որ այդ վանքը կարող է գտնվել ոչ այն վայրում, ուր փնտրում են:

Ղըրղզստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Վեչերնիյ Բիշքեկ» թերթն ավելի քան տասը տարի առաջ տեղեկացրեց Վենետիկից 19-րդ դարի կեսերին մի ռուս գիտնականի բերած այդ քարտեզի, ինչպես նաև այդ քարտեզի վրա Իսիկ Կուլ լճի ափին պատկերված հայկական վանքի մասին` հայտնելով նաև, որ, ըստ ավանդության, հենց այդ վանքում է թաղված Մատթեոս ավետարանիչը:

Իսիկ Կուլ լճում հնագետները Մատթեոս ավետարանիչի գերեզմանը որոնում են առնվազն դեռ 2004 թվականից: Այս վայրերում տեղացիները հաճախ են հնագիտական առարկաներ գտնում: Բարձր լեռներում գտնվող լճի ափին հիշյալ վանքը գտնելու նպատակով տասներկու տարի առաջ ստեղծված ռուս-ղըրղզական խմբին, չնայած կատարած  պեղումներին, չի հաջողվել գտնել հայկական վանքը:

Որոշ տեղեկությունների համաձայն, ավետարանիչ Մատթեոս առաքյալին հայ քրիստոնյաներն են հուղարկավորել, նրա մասունքները հասցրել են Տյան-Շան, այսինքն` մի տեղ, որտեղ հրեաներն ու հռոմեացիները ոտք չեն դրել: Կատալոնյան քարտեզին անձամբ ծանոթ չենք, բայց ըստ վերոնշյալ տեղեկության, դրա վրա գրված է` «Այստեղ են թաղված սբ. Մաթեոսի մասունքները եղբայր հայերի վանքում»: Ուշագրավ է, որ Վատիկանը, որը միշտ համարում էր, որ Մաթեոս առաքյալի մասունքները Սալերնոյում են, վերոնշյալ փաստը չի հերքում:

Ղրղըզստանը գտնվում էր Մետաքսի մեծ ճանապարհի վրա, և քրիտոնեությունն այստեղ նույպես տարածվել է:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը ռուս աշխարհահռչակ ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովի նախաձեռնությամբ դեռ 2013 թվականի սեպտեմբերից մտադիր էր սկսել հայկական միջնադարյան եկեղեցու որոնման աշխատանքները, սակայն դրանք հետաձգվել են, քանի որ Կոնյուխովը նախապատրաստվելիս է եղել Խաղաղ օվկիանոս նավարկությանը և գերծանրաբեռնված է եղել:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խմբի ղեկավարն ինձ ասաց, որ Իսիկ Կուլում հետազոտությունները մտադիր են իրականացնել այս տարի: Ի դեպ, Ղրղըզստանը ևս շահագրգիռ է Իսիկ-Կուլ լճի ափերին հայկական վանքի որոնման աշխատանքներով, և 2-3 տարի առաջ ֆինանսական միջոցներ էր փնտրում այս նպատակով:

«Ֆինանսավորումից է կախված, թե որոշակի երբ կգնանք,- տեղեկացրեց Ռաֆայել Մկրտչյանը:  – Մի քանի ռուսական ակումբներ կան` ստորջրյա պեղումներով զբաղվող, որոնք նույնպես գնալու են այնտեղ, հրավիրել են մեզ, որ միանանք այդ աշխատանքներին: Բոլորն իրենց ֆինանսական միջոցներով են գնում, որի բացակայությունը մեզ համար ցավալի է»:

Արթուր Հովհաննիսյան

magaghat.am