Օրեր առաջ Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունը ամենաքննարկվող թեմաներից է դարձել: Սկզբում շատերը խոսում էին մրցանակաբաշխության բացառիկության մասին, քանի որ առաջին անգամ Եվրոպայում անցկացվեց հայկական մրցանակաբաշխություն, իսկ ավելի ուշ տարածում գտավ «Մրցանակաբաշխություն, թե խայտառակություն» վերնագրով մի հրապարակում, որտեղ նշվում էր, թե այս միջոցառումն իրականում այնքան էլ անթերի չի անցել:
Life.panorama.am-ը թեմայի շուրջ փորձեց զրուցել կազմակերպիչներից մեկի՝ Հայկ Շահբազյանի հետ, ով, ի դեպ, երգչուհի Արևիկ Ալավերդյանի ամուսինն է:
«Մենք մեծ ուշադրություն չենք դարձրել այդ տգեղ վերնագրով հոդվածին, որովհետեւ սպասում էինք եւ լավ, եւ վատ արձագանքների: Բնականաբար, ամեն գործ, այն էլ այսպիսի մեծամաշտաբ աշխատանք ունենում է տարբեր արձագանքներ: Կրկին հիշեցնենք, որ այսպիսի հայկական մեգանախագիծ Եվրոպայում առաջին անգամն էր կազմակերպվում: Ի դեպ՝ համերգին ներկա էին Հայաստանի դեսպանը, Քլամարտ քաղաքի փոխքաղաքապետը, Իզի Լես Մուլինո քաղաքի փոխքաղաքապետը: Վերջինս, երբ բեմ բարձարացավ՝ իր խոսքն ասելու, սկսեց շնորհակալությամբ եւ իր զարմանքն արտահայտեց, թե ինչպե՞ս այսքան երիտասարդ լինելով, սեփական ուժերով նման միջոցառում կազմակերպեցինք, այն դեպքում, երբ մինչ օրս ոչ ոք չէր ռիսկել: Նա անգամ լավ իմաստով մեզ խենթ անվանեց,- պատմեց կազմակերպիչն ու անդրադարձավ մրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցած թերություններին.
«Կիկսեր, բնականաբար, կարող էին լինել: Չէ որ սա առաջին անգամն էր ու կարելի է ասել, որ շատ մեծ փորձ չունեինք, բայց կարողացանք իրականացնել այն, ինչ ցանկանում էինք: Մրցանակաբաշության ժամանակ, ցավոք, անկանխատեսելի բաներ եղան, որոնք չպետք է լինեին: Որոշ տեխնիկական խնդիրների պատճառով համերգը նախատեսվածից ուշ սկսվեց, իսկ քանի որ ահաբեկչություններից հետո նոր օրենք է այստեղ դուրս եկել, որի համաձայն համերգային սրահները կեսգիշերից հետո պետք է փակվեն, արդյունքում երկու արտիստներ չկարողացան ելույթ ունենալ: Այսինքն՝ սա անկանխատեսելի միջադեպ էր»,- նշեց Հայկ Շահբազյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունը շարունակական է լինելու.
«Ինչ վերաբերվում է ընդհանուր մրցանակաբաշխությանը, այն շարունակական է լինելու: Հանդիսատեսի արձագանքն արդեն բավական է, որպեսզի չեզրափակվենք առաջինով: Հանդիսատեսն իսկապես շատ ակտիվ էր, շատ ուրախ: Այն, ինչ ցանկանում էինք անել, համարում ենք ստացված: Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում, այսքան քրտնաջան աշխատանքներից հետո, եթե եղան կիկսեր, ապա դա միայն այն պատճառով է, որ նախագիծը սարսափելի մաշտաբային էր: Համոզված եմ, որ հաջորդը կլինի այնպես, ինչպես հարկն է եւ մենք էլ արդեն փորձառու կլինենք»,- ընդգծեց Հայկ Շահբազյանը: