Սերիալներից հայտնի դերասան Կարեն Ասլանյանը ապրիլի 7–ին կներկայացնի իր առաջին տեսահոլովակը։ Երգը կոչվում է «Թե արցունքս», որի հեղինակներն են Կարեն Ասլանյանն ու Րաֆֆի Ալթունյանը։ Տեսահոլովակը նկարահանել է Ջոն Ջալավյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում Կարենը նշեց, երգը վաղուց էր պատրաստ։
«Ես և Րաֆֆին վաղուց ենք աշխատում իրար հետ։ Րաֆֆին հիմնականում գրում է երաժշտություն, ես` երգի խոսքեր։ «Թե արցունքս» երգը ծնվել է մեր իմպրովիզների արդյունքում։ Սիրողական մակարդակով ձայնագրեցինք այն ու մի հատված տեղադրեցինք համացանցում։ Դրական արձագանքներ ստացանք։ Մեզ գրում էին, թե երբ ենք տեղադրելու ամբողջական տարբերակը։ Այս ամենը հաշվի առնելով` որոշեցինք երգը տեսահոլովակով ներկայացնել»,– ասաց Կարենը։
Վերջինս նշեց, որ երգը կորցրած սիրո մասին է. «Թե որքանով է երգը իրական պատմություն, չեմ ցանկանա ասել, քանի որ այն անձնական է, չեմ ուզում այդ մասին խոսել։ Բայց վստահ եմ յուրաքանչյուրն այս երգի մեջ կգտնի իրեն»։
Դերասանը նշեց, որ համեստ տեսահոլովակ է սպասվում, որը համակարգչային լուծումներով է արված։ «Տեսահոլովակի հերոսուհին Էլեն Ազնավուրյանն է, որը շատ համապատասխան էր մեր ուզած կերպարին։ Նա տեսահոլովակում հայ համեստ աղջկա կերպարն է մարմնավորում»,– ասաց նա։
Կարենը հայտնեց, որ ինքը 16 տարեկանից գրում է չափածո, արձակ բանաստեղծություններ։ «Թատերականում սովորելու տարիներին քննությունս հանձնել եմ իմ գրած բանաստեղծություններով։ Նաև երգի խոսքեր եմ գրել, որոնք նվիրել կամ վաճառել եմ արտիստների։ Շատ քչերը գիտեն այդ մասին, քանի որ սկզբում խնդրում էի նրանց, որ իմ անունը չգրեն։ Կարծում եմ` պահը հասունացել է և պետք է նաև այսպես ներկայանամ իմ երկրպագուներին, քանի որ ասելիք ունեմ։ Մայրության և գեղեցկության տոնը լավ առիթ է երգի միջոցով խորհուրդ տալ բոլորին, որ վերադարձնեն իրենց կորցրած սերը,– ասաց դերասանը ու հավելեց, որ դա չի նշանակում, որ իրեն երգիչ է համարում։ –Մասնագիտությամբ դերասան եմ ու միայն դրանով կզբաղվեմ։ Չեմ պատրաստվում պարբերաբար նոր երգեր ներկայացնել։ Կերգեմ այն ժամանակ, երբ զգամ, որ պահը կրկին հասունացել է և ասելիք ունեմ»։
Հարցին` ինչպե՞ս կընդունի քննադատությունները, նա պատասխանեց. «Շատ լավ կվերաբերվեմ քննադատություններին։ Անգամ ուրախ կլինեմ, որ մարդիկ քննադատեն։ Եթե աշխատանքը քննադատվում է, նշանակում է` այն իրենից ինչ–որ բան է ներկայացնում, որ արժանացել է մարդկանց ուշադրությանը։ Եթե չկան քննադատություններ, ապա գործը ստացված չէ»։
Ամբողջությամբ՝ life.tert.am