Մաստոպատիան կաթնագեղձերի հիվանդություն է, որի հիմքում ընկած են հիմնականում հորմոնալ խանգարումները: Կանանց գրեթե 80 տոկոսը ծանոթ են մաստոպատիայի սիմպտոմներին` դրանք կրծքի շրջանում անհանգստացնող ցավերն են:
Կաթնագեղձերի շրջանում ցավերը հիմնականում առաջանում են դաշտանային ցիկլից առաջ և հանգստանում դաշտանի սկսվելու հետ մեկտեղ: Սա ևս մաստոպատիայի նախանշան է, բայց շատ կանայք այսպես ապրում են երկար տարիներ` չմտածելով, որ կարելի է դիմել բժշկի: Բացի այդ, մաստոպատիան մեծացնում է կրծքագեղձի ուռուցքով հիվանդանալու վտանգը: Ժամանակին բժշկի դիմելը կարող է կանխել հնարավոր բարդությունները:
Ընդհանրապես առանձնացնում են մաստոպատիայի 2 տեսակ` ոչ պարզորոշ և հանգուցային: Ոչ պարզորոշ մաստոպատիայի դեպքում կաթնագեղձում առաջանում են մեծ քանակությամբ մանր հանգուցային գոյացություններ, իսկ հանգուցայինի դեպքում` միայն մեկ հանգույց: Այս հիվանդության ոչ պարզորոշ տեսակը ենթակա է թերապևտիկական բուժման, իսկ հանգուցայինի ժամանակ մաստոպատիան պահանջում է ավելի լուրջ միջամտություն, քանի որ պետք է հեռացնել հանգույցը:
Մաստոպատիայի առաջացման պատճառները
Մաստոպատիայի առաջացման պատճառները միշտ չէ, որ կարելի է հստակ որոշել: Բացի հորմոնային խանգարումները, կան մի շարք պատճառներ ևս, որոնք կարող են նպաստել հիվանդության առաջացմանը: Առաջին և ամենակարևոր պատճառը ժառանգականությունն է: Եթե մայրական կողմի հարազատների մոտ եղել է բարորակ կամ չարորակ գոյացություն, ապա շատ հնարավոր է, որ հաջորդող սերնդի կանանց մոտ ևս լինի: Ոչ կանոնավոր սեռական հարաբերությունները ևս մաստոպատիայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ, քանի որ հենց դա կարող է հանգեցնել հորմոնային խանգարումների: Հղիության արհեստական ընդհատումը մաստոպատիայի առաջացման հավանական պատճառներից մեկը կարող է դառնալ: Այս հիվանդության զարգացմանը կարող են նպաստել նաև շատ հիվանդություններ: Դրանց թվին են պատկանում վահանագեղձի հիվանդությունը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, լյարդի հիվանդությունը, արգանդի խոռոչի բորբոքումները և նույնիսկ սովորական սթրեսը: Չի կարելի նաև ուշադրություն չդարձնել կաթնագեղձի տարբեր աստիճանի, նույնիսկ ամենաննշան վնասվածքին: Չմոռանանք նշել, որ պատճառներից մեկն էլ աղտոտված էկոլոգիան ու վատ սովորություններն են` ծխելն ու ալկոհոլը: Որոշակի ռիսկային խումբ կարող են համարվել նաև չծննդաբերած կամ մեծ տարիքում ծննդաբերած, նաև կրծքով չկերակրած կամ կարճ ժամանակահատված կերակրած կանայք:
Հիվանդությունը զարգացման սկզբնական շրջանում կարող է ընդհանրապես չանհանգստացնել, այդ պատճառով պրոֆիլակտիկ ստուգումները կարևոր են: Անհապաղ պետք է դիմել բժշկի, եթե նկատում եք այնպիսի սիմպտոմներ, ինչպիսիք են` կրծքի մաշկի տակ կիտրոնի կեղևանման զգացողությունը: Մաստոպատիայի զարգացման կանխարգելման համար պետք է ուշադրություն դարձնել հիվանդության առաջացման պատճառներին: Ճիշտ հակաբեղմնավորիչների օգտագործումը պարտադիր է անցանկալի հղիություններից խուսափելու համար: Անհրաժեշտ է կանոնավորել սեռական կյանքը, խուսափել ալկոհոլից ու սիգարետից: Եթե մաստոպատիայի հանգեցնող որևէ այլ հիվանդություն կա, առաջին հերթին պետք է դիմել մասնագետի: Իսկ եթե նոր եք մայրացել, ապա փոքրիկին պետք է կերակրել կրծքի կաթով:
Լակտոստազը կերակրման ժամանակ կաթի կանգն է կրծքում: Որպես կանոն՝ այն առաջանում է կամ շատ արտադրվող կաթի ու ոչ անհրաժեշտ քանակի դատարկվելուց, կամ նեղ ծորանների պատճառով: Լակտոստազն արտահայտվում է կաթնագեղձի ուժեղ ցավով, որի ժամանակ կուրծքը լցվում է, իսկ շոշափելիս կարելի է առանձին մասերում նկատել կոշտացումներ: Երբ այդ կրծքից կաթը դուրս է գալիս` ուշադրություն դարձրեք, որ այդ կրծքից հավասարաչափ չէ դուրս գալիս, որոշ մասերից կարող է կաթ դուրս չգալ ընդհանրապես: Այս դեպքում ցավային զգացողությունները չեն հանգստանում նույնիսկ կուրծքը դատարկելուց հետո: Այս հիվանդության առաջացման պատճառները շատ են, որոնցից հիմնականներն են` կրծքով կերակրելուց հրաժարվելը, երեխային ոչ կանոնավոր կերակրելը, կերակրելիս երեխային կրծքին ոչ ճիշտ մոտեցնելը, որի արդյունքում կրծքի որոշակի մասերից ընդհանրապես կաթ չի գալիս, ու գեղձը չի դատարկվում: Այս հիվանդության զարգացմանը նպաստում են նաև նեղ կրծկալներ կրելը, փորի վրա քնելը (որի արդյունքում կարող են խցանվել կաթնածորանները), մրսելը, սթրեսները, գերհոգնածությունն ու գերծանրաբեռնվածությունը: Ընդհանրապես լակտոստազը կարող է ուղեկցվել լավ ինքնազգացողությամբ ու մարմնի նորմալ ջերմաստիճանով: Բայց ոչ մի միջոց չձեռնարկելու դեպքում կարող է բարձրանալ ջերմությունը, որն արդեն մաստիտի նախանշան է: Այս դեպքում բավական է երեխային ճիշտ մոտեցնել կրծքին ու ճիշտ հաճախականությամբ կերակրել, և շատ արագ այս գանգատները կանցնեն: Եթե դա չի օգնում, ապա, կանոնավոր կերակրելու հետ մեկտեղ, պետք է կուրծքը դատարկել նաև կթելու միջոցով` օրը 1-3 անգամ: Բայց չի կարելի կուրծքը դատարկել կերակրելուց անմիջապես հետո: Դա օրգանիզմին տագնապ է այն մասին, որ կաթը չի բավականացնում երեխային, հետևաբար ավելի շատ ու արագ կսկսի կաթ արտադրվել, իսկ այս դեպքում կաթի կանգն անխուսափելի է: Կուրծքը դատարկելուց առաջ պետք է տաք կոմպրեսներ դնել, որպեսզի ուժեղանա կաթի հոսքը: Կոմպրեսն այն մասերում պետք է դրվի, որտեղ կոշտացումներ ու կաթի կանգ է նկատվում: Լակտոստազի ժամանակ պետք է հետևել օգտագործած հեղուկի քանակին, որպեսզի սահմանափակեք կաթի առաջացման քանակը: Հեղուկի քանակը պետք է չանցնի 800 գրամ-1 լիտր չափը: Բայց հաճախ լակտոստազը կարող է վերածվել մաստիտի, որին բնորոշ են նույն նշաններն՝ ավելի սուր ձևով: Հիվանդությունն ուղեկցվում է մարմնի բարձր ջերմությամբ` սկսած 38 աստիճանից, և ուժեղ ցավերով:
Հետծննդյան ծանր հիվանդություն է համարվում մաստիտի զարգացումը: Ըստ վիճակագրության՝ այս հիվանդությունը հանդիպում է ծննդկանների մոտավորապես 0,4 տոկոսի մոտ: Մաստիտը կաթնագեղձերում տեղի ունեցող բորբոքային պրոցեսներն են: Շատ հաճախ մաստիտն առաջանում է հետծննդյան ժամանակահատվածում վնասված պտուկների միջոցով անցած վարակի արդյունքում, որն առաջացել է կրծքով կերակրելու ժամանակ: Սովորաբար մաստիտն առաջանում է կրծքով կերակրելու ժամանակ, բայցև լինում են դեպքեր, որ այն զարգանում է մինչ ծննդաբերությունը, իսկ երբեմն էլ ընդհանրապես կարող է հղիություն չլինել: Մաստիտի հատուկ ձև է նորածինների մաստիտը, որը կապված է հղիության ժամանակ մոր արյան միջոցով երեխային լակտոգեն հորմոնների փոխանցվելու հետ:
Մաստիտի զարգացման հիմնական պատճառ է վարակը: Այդ միկրոօրգանիզմները կարող են ներխուժել նորմալ միջավայր, իսկ դրանց համար բարենպաստ պայմաններ են ստեղծում վնասվածքները, որոնց միջոցով էլ միկրոօրգանիզմները ներթափանցում են կաթնագեղձի հյուսվածքներ: Մաստիտի առաջացման հիմնական պատճառ կարող է հանդիսանալ նաև լակտոստազը` կաթի կանգը և ցածր դիմադրողականությունը:
Մաստիտի ընթացքը կարող է լինել սուր և քրոնիկական: Այս բակտերիաները` ստաֆիլոկոկը, ստրեպտոկոկը և այլն, ներթափանցում են կաթնագեղձ, հիմնականում երեխայի բերանից` աղտոտ ձեռքերի միջոցով, հիգիենայի կանոններին չհետևելու հետևանքով` հղիության ու կերակրման ընթացքում: Մաստիտի նախանշաններն են կաթնագեղձի կոշտացումը, դրա շուրջ մաշկի կարմրությունը, ուժեղ ցավն ու բարձր ջերմությունը: Հիվանդության խորացման հետ կաթնագեղձը մեծանում է, կրծքով կերակրելը դառնում է սարսափելի ցավոտ: Սուր էտապում կարելի է սառը թրջոցներ դնել, բայց անհապաղ դիմել մասնագետի:
Հոլիվուդի գեղեցկուհիների հասարակ գաղտնիքները
Հոլիվուդի ոչ բոլոր գեղեցկուհիներն են իրենց հիասքանչ արտաքինի համար պարտական պլաստիկ վիրաբույժներին ու թանկարժեք կոսմետիկային: Իհարկե, խոսքը Պամելա Անդերսոնի մասին չէ: Օրինակ, Ջուլիա Ռոբերտսն ու Նիկոլ Քիդմանն իրենց ատամները լվանում են ելակով: Իհարկե, դա դժվար է պատկերացնել, բայց իրենք այդպես են ասում:
Ջուլիա Ռոբերտսը չի համապատասխանում գեղեցկության դասական չափանիշներին, բայց միևնույն է` նա «Գեղեցկուհի» է: Նա խոստովանում է, որ ինքը միշտ ժպտում է, որովհետև ատամները մաքրում է ելակով: Ելակը շատ է պարունակում վիտամին C, հետևաբար՝ այն սպիտակեցնում է ատամնաշարը: Գեղեցկուհու մազերը առողջ ու գեղեցիկ են՝ շնորհիվ սովորական մայոնեզի, որը նա մազերին է քսում սնուցող քսուքների փոխարեն: Իսկ ձեռքերի մաշկը նա խնամում է ձիթապտղի ձեթով:
Իսկ ահա բնական շիկահեր Նիկոլ Քիդմանը մազերը լվանալուց հետո վերջում ցայում է լոռամրգի (Սս՚ՍՉՈ) հյութով, իսկ փայլի համար օգտագործում է սովորական շամպայնը: Իհարկե, Քիդմանի հպարտությունը նրա հիանալի կազմվածքն է: Գաղտնիքը նրա սնվելու մեջ է: Նախաճաշը 1 գավաթ սուրճն է, ճաշը բաղկացած է բանջարեղենային կոկտեյլից, ընթրիքը` մրգային աղցանից ու ձկից կամ մի փոքր մսից, իսկ աղանդերը սպորտով զբաղվելն է:
Կիմ Բեսինջերը ցանկացած ռեստորան գնում է իր փոքրիկ սպասքով` դանակով ու պատառաքաղով: Պատճառն այն է, որ փոքր չափաբաժիններով սնվելու պրոցեսը երկար է տևում, դերասանուհին հագենում է մանկական չափաբաժնով: Իսկ դեմքի մաշկի թարմությունը նա պահպանում է հանքային ջրի ու կաթի խառնուրդով լվացվելով: Նրանք, որպես պիլինգի միջոց՝ առաջարկում են ելակի ու ծովային աղի խառնուրդը:
Սոֆի Մարսոն մաշկը պահպանում է հասարակ միջոցով` օճառաջրից հետո մաքրելով այն բուսական յուղով: Նրա կարծիքով` բուսական յուղը հրաշքներ է գործում:
Կատրին Դենյովը բնական ամեն ինչը վեր է դասում արհեստականից, սակայն գտնում է, որ բնականությունը պետք է հղկված լինի: «Գեղեցիկ մաշկի մասին խոսք լինել չի կարող, եթե դուք ծխում եք»,- ասում է Կատրինը: «Եթե ձեզ համար թանկ է երիտասարդությունը, մեկընդմիշտ հրաժարվեք արևայրուքից: Ի՞նչ իմաստ ունի՝ ընդամենը 2 ամիս լավ տեսք ունենալու համար՝ ինքներս մեզ ծերացնենք 2 տարով»,- արևայրուքի մասին ասում է դերասանուհին:
Նրանք գրեթե բոլորն էլ գտնում են, որ չի կարելի լվացվել ծորակի ջրով, այլ ավելի լավ է լվացվել եռացրած հանքային ջրով, ու երբեք չի կարելի քնել շպարը դեմքին:
Սուսաննա Ազատյան