Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի ոսկե մեդալակիր Արթուր Թովմասյանը (օղակներ) վնասվածքից հետո առաջին անգամ դուրս եկավ միջազգային հարթակ:
Հայ մարմնամարզիկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մրցաշարից առաջ անվստահություն ուներ, սակայն կարողացավ հավաքվել և եզրափակչում լավ ելույթ ունենալ.
«Վիրահատությունից հետո վեց ամիս չէի կարողանում օղակների վրայից ցատկ կատարել: Դա մեծ անվստահություն էր ինձ համար: Մարզիչներն ամեն ինչ անում էին, որ լավ հանդես գամ: Ազգային առաջնությունում բավական վստահություն ձեռք բերեցի, չնայած` լավ ելույթ չունեցա: Եթե մարզիչներս գոհ չեն իմ կատարումից` ես չեմ կարող գոհ լինել: Փառք Աստծո, Դոհայում որակավորման փուլից հետո ավելի վստահ էինք և ես, և մարզիչները:
Կարողացա հավաքվել և լավ կատարել վարժությունը: Երկար դադարից հետո կանգնեցի պատվո հարթակի առաջին աստիճանին. նման պահերին անբացատրելի զգացողություններ եմ ունենում: Այսպիսի իրավիճակներում փորձում եմ վայելել այդ մի քանի րոպեները: Հետո նորից աշխատելու ժամանակն է գալիս»,-Արթուր Թովմասյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը: