Եվրոպայում առաջին անգամ անցկացվող «Armenian Europe Music Awards Paris 2017»–ում «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող Էրիկը ելույթ չի ունեցել համերգային ծրագրում։
Tert.am Life–ը ավելի վաղ ներկայացրել էր, թե հայ արտիստներն ինչպես են նախապատրաստվում մրցանակաբաշխությանը։ Էրիկը մի քանի կատարումներ էր պատրաստել, որոնք բեմադրված էր պարային համարներով։ Մենք կապ հաստատեցինք երգչի հետ։ Վերջինս նշեց, որ ցավոք կազմակերպիչների անփութության պատճառով ինքը ելույթ չի ունեցել։
«Կազմակերպիչները ցանկացան անել մի մեծ իրադարձություն, որը, կարծես թե, ստացվել էր, որովհետև բոլոր սիրված արտիստները մեկնել էին այնտեղ։ Բայց հետո տեխնիկական խնդիրների պատճառով ուշ սկսեցին, հետո պետք է համերգն ավարտվեր ժամը 00։00, քանի որ Եվրոպայում վերջին ժամանակներում ահաբեկչությունների հետ կապված ավելի են խստացրել օրենքները և թույլ չեն տալիս, որ կեսգիշերից հետո դահլիճներում մարդիկ լինեն։ Համերգը տարբեր պատճառներով հետաձգվեց։ Այն պահը, երբ պետք է ես և այլ արտիստներ ելույթ ունենայինք մեզ հայտնեցին, որ դադարացնում են համերգը։ Առանց երգելու մրցանակներ ստացանք։ Ինչևէ ցավալի է, որ չհասցրեցի երգեմ իմ պատրաստած երգերը։ Մրցանակն իսկապես անակնկալ էր ինձ համար։ Այն հաճելի էր, բայց ես մրցանակի համար չէր, որ գնացել էի, այլ իմ հանդիսատեսի համար երգելու։ Ինձ համար ավելի մեծ մրցանակ կլիներ, երբ բեմ բարձրանայի ու երգեի։ Ես որպես արտիստ ներողություն եմ խնդրում և խոստանում, որ, անպայման, համերգային ծրագրերով կներկայանամ Եվրոպայում»,– ասաց Էրիկը։
Վերջինս նշեց, որ մրցանակաբաշխությունից հետո կազմակերպիչների հետ խնդիրներ առաջացան։ «Դա նրանց անփութությունից ու սկսնակ լինելուց է գալիս։ Հասնում ես այնտեղ ու ելույթ չես ունենում։ Նրանք կարող էին ամեն ինչ այնպես հաշվարկել, որ բոլորն էլ հասցնեին ելույթ ունենալ։ Կարծում եմ սա առաջին էր, հետո շատ բան կշտկվի և շատ բաներ կսովորեն անել։ Հաջորդ տարիներին, եթե իրականացվի, չգիտեմ ինչ արտիստներ կլինեն, բայց հուսով եմ` ով էլ մասնակցի, մաղթում եմ առանց միջադեպերի ավարտվի»,– ավելացրեց երգիչը։
Հետաքրքրվեցինք, արդյոք մյուս տարի առաջարկի դեպքում կմասնակցեք, նա պատասխանեց. «Հաջորդ տարի չեմ մասնակցի, քանի որ սիրում եմ ավելի պրոֆեսիոնալների հետ աշխատել։Սա ինձ համար ևս դաս էր, որ մեկնելիս, անպայման, ուշադրություն դարձնեմ պրոֆեսիոնալիզմի վրա։ Ամեն ինչ պետք է լինի գոնե միջին մակարդակի։ Շատերը պետք է օրինակ վերցնեն Global Arts International–ից, որը Ամերիկայում հայտնի է որպես մրցանակաբաշխության եւ տարբեր համերգների կազմակերպիչ։ Նրանք ամեն ինչ բարձր մակարդակով են կազմակերպում և քեզ որպես արտիստ ես զգում։ Շատերը պետք է սովորեն այնտեղից ու անգամ չփորձեն մրցակցեն, պարզապես, սովորեն»։