«Եթե պարոն Տեր-Պետրոսյանը մեր ասածը մեկնաբանում է այնպես, որ մեր ասածը նշանակում է, որ Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվելու, ուրեմն՝ իր ասածն էլ նշանակում է, որ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու: Եթե ինքն այդպես է մեկնաբանում, ես էլ այսպես եմ մեկնաբանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ն. Փաշինյանի խոսքով՝ այն, ինչ զիջում է եղել տարբեր տարիներ շարունակ, դրա անունը դրել են փոխզիջում. «Երբ Ալիևն ասում է, որ Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի մոտ չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում փոխզիջման մասին խոսելը նշանակում է՝ Ադրբեջանին մոտեցնել Ստեփանակերտին, Երևանին, Սևանին»:
Խոսելով ՀԱԿ-ից հնչող քննադատություններին, թե՝ Նիկոլ Փաշինյանն իր էջից հեռացրել է նախկինում առաջին նախագահի վերաբերյալ հնչեցրած իր դրական խոսքերը, Ն. Փաշինյանը պարզաբանեց, որ իր էջը փակվել է, որովհետև փրովայդերից, որը Եվրոպայում է գտնվում, նամակներ է ստացել, որ էջը գտնվում է հարձակման տակ. «Զգուշացրել են, որ անվտանգության նկատառումով ժամանակավորապես փակում են էջը: Ես իմ արտասանած, գրած որևէ բառ երբևէ չեմ հեռացնում: Կայքը կվերականգնվի և ինչ պարունակություն ունեցել է, կունենա»:
Ն. Փաշինյանի խոսքով՝ 2008-2012 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք հանդես չի եկել այն դիրքորոշումներով, ինչով հանդես է գալիս հիմա. «Այս դիրքորոշումը երբեք չի եղել այն համաժողովրդական շարժման դիրքորոշումը, որի մաս եմ ես կազմել: Ինքը կարող է ունենալ միշտ նույն դիրքորոշումը, Հրանտ Բագրատյանը կարող է ունենալ միշտ նույն դիրքորոշումը, ես կարող եմ միշտ ունենալ նույն դիրքորոշումը, բայց այն ժողովրդավարական շարժումը, որ ձևավորվել էր, ձևավորված է եղել 18 քաղաքական ուժերից, և այդ ուժերից միայն 2-ն են պաշտպանում այդ դիրքորոշումը: Երբ դուք ասում եք՝ Լ. Տեր-Պետրոսյանը երբեք իր դիրքորոշումը չի փոխել, ես համարում եմ, որ քաղաքական պրոցեսի մեջ 1997 թվականին և 2017 թվականին ունենալ նույն դիրքորոշումը, երբ ամեն ինչ է փոխվել, այդքան էլ ճիշտ չէ: Իմ կարծիքով՝ Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կապ չունեն ընթացիկ քաղաքական պրոցեսների հետ: Նա իր քաղաքական գործունեությունը կառուցում է պատմաբանի տեսանկյունից, թե, ենթադրենք՝ 100 տարի հետո ինչ կգրեն այս օրերի մասին»:
Պատգամավորի կարծիքով՝ ՀԱԿ-ը Ղարաբաղյան հարցում կոալիցիայի մեջ է Սերժ Սարգսյանի հետ:
Անդրադառնալով ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի այն հայտարարությանը, թե՝ «Ելքը» շատ փոքր է, որ քննադատի իրենց ծրագիրը, Ն. Փաշինյանն ասաց. «Արման Մուսինյանը թող ինձ էլ նայի, իրեն էլ նայի և տեսնի, թե ով է փոքրը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Անի Քեշիշյան