«Ավելի քան ծիծաղելի է». պրոդյուսերը բացահայտում է ինչու Մարտին Մկրտչյանն ու Ռազմիկ Ամյանը չեն մասնակցել Փարիզի մրցանակաբաշխությանը. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Ավելի քան ծիծաղելի է». պրոդյուսերը բացահայտում է ինչու Մարտին Մկրտչյանն ու Ռազմիկ Ամյանը չեն մասնակցել Փարիզի մրցանակաբաշխությանը. life.tert.am

Օրերս Փարիզում կայացավ «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխությունը, որի շուրջ չեն դադարում սկանդալները։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչ Էրիկն ասել էր, որ կազմակերպիչների անփութության և անփորձության հետևանքով ինքը ելույթ չի ունեցել։ Համերգի կազմակերպիչներից Հայկ Շահբազյանն ու նրա կինը` երգչուհի Արևիկ Ալավերդյանը, մեզ հետ զրույցում ասել էին, որ սա իրենց առաջին փորձն էր։ Ըստ նրանց` խնդիրներ եղել են, բայց աննշան։

Մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն զուգերգ» է ճանաչվել Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի  Happy Birthday երգը։ Բեմ է հրավիրվել նաև Մարտին Մկրտչյանը, ով այդ ժամանակ դահլիճում է եղել։ Պարզվում է` Մարտին Մկրտչյանին և Ռազմիկ Ամյանին առաջարկել են մասնակցել մրցանակաբաշխությանը, սակայն նրանք հրաժարվել են։ Երգիչների պրոդյուսեր Արմին Մովսիսյանը Tert.am Life–ի հետ զրույցում խոսել է  պատճառների մասին։

«Մարտինն ուղեկցում էր իր կնոջը` Հռիփսիմե Հակոբյանին, և որպես հանդիսատես ներկա էր համերգին։ Նա մասնակից չի եղել։ Համերգի ժամանակ Մարտինին հրավիրել են բեմ, սակայն նա իր խոսքում ասել է, որ մասնակից չէ, այդտեղ որպես հանդիսատես է և ընկերոջ` Արթուր  Աբրահամի հետ նստած է դահլիճում»,– ասաց պրոդյուսերը ու հավելեց, որ մրցանակաբաշխությանը մասնակցել իրենց առաջարկել են ավելի քան 1 տարի առաջ, սակայն հրաժարվել են։ «Ես սա չեմ համարում ներգրավվել։ Կարծում եմ` կազմակերպիչները պետք է իրենց թույլ չտային Մարտինին կանչել բեմ` հաշվի առնելով, որ նա մերժել էր մասնակցությունը։ Եթե ես լինեի, բեմ չէի հրավիրի»։

Արմինը նշեց, որ հետևողական է լինելու, որպեսզի Մարտինին չօգտագործեն գովազդային հոլովակներում և նրա խոսքը չմոնտաժվի. «Երգիչներիս բոլոր իրավունքները պատկանում են ինձ և ոչ ոք իրավունք չունի գովազդի նպատակով օգտագործել նրանց անունը` առանց մեր իմացության և  գրավոր համաձայնության։ Վերջերս  տեսա, որ կազմակերպիչները հարցազրույց էին տվել Ռադիո Վանին և ասել, որ համերգին ներկա է լինելու նաև Մարտին Մկրտչյանը։ Քանի որ պարզվեց`դա վաղուց էր եղել, ես ուշ էի տեսել, չանդրադարձա այդ հարցին, սակայն այս դեպքում հետևողական եմ լինելու»։

Խոսելով ի սկզբանե հրաժարվելու պատճառների մասին` Արմինը նշեց, որ ինքը շատ լավ ճանաչում է կազմակերպիչներին։ «Ինձ համար ավելի կարևոր է ոչ թե արձանիկը, որը տալիս են, այլ այն, թե ով է տալիս այդ արձանիկը։ Ինձ համար ամեն մի մրցանակաբաշխություն չէ, որ մրցանակաբաշխություն է, առավել ևս` եթե այն արվում է դիլետանտների կողմից։ Կարևոր է` ով է քեզ գնահատել, ինչպես է որոշվել «Տարվա լավագույնը»։ Մրցանակաբաշխության ժամանակ լինում է պրոֆեսիոնալ ժյուրի։ Երբ ինձ զանգել են, ոչ ոք չի ասել, որ այնտեղ պրոֆեսիոնալ ժյուրի կա` ով է, ինչ է։ Դա եղել է անհատների ընտրություն։ Ասում են` որոշել ենք «Տարվա լավագույն երգիչը» լինի Ձեր երգիչը, մերժում ես, ասում են` իսկ եթե մյուսը լինի՞։ Դա ինձ համար ավելի քան ծիծաղելի է։ Իմ կողքի հարևանն էլ, ով շատ լավ փայտի գործ է անում, կարող է որոշել մրցանակաբաշխություն անել։ Մենք գնանք, ինչ է, թե տալու են «Տարվա լավագույն երգիչ» և ուրախանա՞նք։ Այդտեղ ուրախալի ոչինչ չկա։ Եթե ես էլ որոշեմ մեկին տալ Վաստակավոր արտիստի կոչում, ուրեմն նա վաստակավո՞ր է դառնում։ Մենք ինքնախաբեությամբ չենք զբաղվում»,– ասաց պրոդյուսերը։

Հարցին` նախկինում ի՞նչ առնչություն և խնդիր են ունեցել կազմակերպիչների հետ, Արմինը պատասխանեց, որ համերգի շրջանակներում համագործակցել է նրանց հետ և որոշել է այլևս չաշխատել. «Ես հասկացել եմ, որ նրանք այդ աշխատանքում դիլետանտ են, պրոֆեսիոնալ չեն։ Խնդիրը ֆինանսական կողմը չէ, որովհետև եթե իմ երգիչներն ինչ–որ տեղ մասնակցություն են ունենում, ֆինանսական հարցերը ելույթից առաջ եմ լուծում։ Համաձայնությունն ինձ մոտ ասոցացվում է ֆինանսական հարցերի լուծման հետ։ Պարզապես չեմ սիրում աշխատել ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ։ Դա  իմ սկզբունքն է»։

Ամբողջությամբ՝ life.tert.am