Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին կալանքի տակ են պահում մեկուսարանի մենախցում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ, ի տարբերություն մյուս կալանավորների, Կորեայի Հանրապետության նախկին ղեկավարն ունի առանձին ցնցուղ և զուգարան: Սովորաբար բանտի մենախցի տարածքը չի գերազանցում 6,56 քառակուսի մետրը, սակայն, Reuters-ի տվյալներով, բացառված չէ, որ Պակ Կըն Հեի խուցը չափով փոքր-ինչ ավելի մեծ է:
Պակ Կըն Հեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ Սեուլի դատարանը մարտի 30-ին թույլատրեց նրան կալանավորել կաշառակերության, իշխանության չարաշահման և կողմնակի անձի՝ Չխվե Սուն Սիլին, գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքներով: «Դատարանն ընդունեց նրան ձերբակալելու անհրաժեշտությունը, քանի որ բավարար հիմքեր կան մեղադրանքներ ներկայացնելու համար, ինչպես նաև երկյուղներ, որ հանցանշանները կարող են ոչնչացվել»,- հայտարարել է դատավորը:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին և միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին: Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման ն պատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից և կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ: