Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականներն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մեկնում են Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Դեռ մարտ ամսի կեսերին հրապարակված Սպլիտ մեկնող թիմերի կազմում փոփոխություններ չկան:
Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ են մտնելու՝
Տղամարդիկ՝ Անդրանիկ Կարապետյան՝ 85 կգ քաշային կարգ, Կարուշ Ղուկասյան՝ 94 կգ, Սիմոն Մարտիրոսյան և Սամվել Գասպարյան՝ 105 կգ, Գոռ Մինասյան և Ռուբեն Ալեքսանյան՝ +105 կգ:
Կանայք՝ Իզաբելլա Յայլյան՝ 58 կգ, Սոնա Պողոսյան՝ 75 կգ և Տաթև Հակոբյան՝ 90 կգ:
Տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ ուսումնամարզական վերջին հավաքն ավարտել են այսօր առավոտյան, ամեն ինչ ընթացել է ըստ պլանի, և տղաների մարզավիճակը նորմալ է:
Անդրանիկ Կարապետյանի մասին մարզիչն ասել է, որ նա Ռիոյում ստացած վնասվածքից հետո լիովին վերականգնվել է, սակայն Խորվաթիայում մեդալի համար պայքարելու առաջադրանք չի դրվում նրա առջև.
«Մենք մի քանի պատճառներով Անդրանիկին չենք թողնելու ռիսկային կիլոգրամների մոտենալ: Նախ, նա առաջին անգամ է հանդես գալու 85 կգ քաշային կարգում: Երկրորդ, սա օլիմպիական խաղերից հետո նրա առաջին մեկնարկն է: Եվ երրորդ, հենց Անդրանիկն է մեր հավաքականից առաջինը մտնելու պայքարի մեջ, ինչը հոգեբանական որոշակի ճնշում է մարզիկի վրա: Անդրանիկը պետք է կրկին զգա մրցահարթակը, որպեսզի այնուհետև ավելի վստահ նախապատրաստվի աշխարհի առաջնությանը»,- ասել է Վիգեն Խաչատրյանը: