«Առաջնորդները» սերիալը մարտի 27-ից ցուցադրվում է նաև մոտ 18 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանում: Հայկական սերիալային պատմության մեջ առաջին անգամ տեղական արտադրանքն ընդլայնել է դիտողների շրջանակ` թարգմանվել է և ներկայացվել օտարերկրացի հեռուստադիտողին: Asekose.am-ը թեմայի շուրջ զրուցել սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի հետ, ով նաև է սերիալի գլխավոր դերակատարներից մեկն է:
«Ղազախական հեռուստաընկերության հետ բանակցություններին ես չեմ մասնակցել, այդ բանակցությունները տարել են մեր միջազգային կապի աղջիկները: Շատ ուրախ եմ, որ ստացվեց նման համագործակցություն: Ցանկությունս մեծ է, որ սերիալների արտադրությունն այն որակի հասցնենք, որ կարողանանք հպարտությամբ ցուցադրել այլ երկրներում: Ուրախ կլինեմ, որ ոչ միայն իմ սերիալները, այլև հայկական այլ սերիալներ ևս ունենան նման հաջողություն»,- մեզ հետ զրույցի ընթացքում մանրամասնեց Դիանան:
Վերջինիս խոսքով՝ սերիալը ցուցադրվում է Ղազախստանի 7-րդ ալիքով՝ ամենամեծ լսարանն ապահովող ժամին (Prime Time): Եթե առաջին սեզոնը հաջողություն գրանցի ղազախ լսարանի շրջանում, ապա համագործակցությունը կշարունակվի:
Մեր այն հարցին` արդյո՞ք ինչ չափանիշներով են առաջնորդվել ղազախները սերիալն ընտրելից, Դիանան նշեց. «Չեմ կարող ասել, թե ինչ չափանիշներով են նրանք առաջնորդվել և ընտրել հենց այս սերիալը, սակայն ինձ թվում է` որոշելիս ուշադրություն են դարձրել վարկանիշային սանդղակին, հետաքրքրության տածմանը, յութուբյան մեր դիտումներին, որոնք բավական բարձր են `մյուս սերիալների համեմատ»:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ «Առաջնորդները» կցուցադրվի մինչև օգոստոս, իսկ ՊանԱրմենիայով այն կավարտվի հավանաբար մայիսի վերջին: Արդեն իսկ նկարահանվել է 400 սերիա, նկարահանումները դեռ շարունակվում են: