Ադրբեջանցի հաքերները շարունակում են հարձակում գործել հայ արտիստների էջերի վրա. երգիչ Էրիկի էջը կոտրելուց հետո նրանք կոտրել են նաև դերասան Ռաֆայել Երանոսյանի` Ռաֆոյի էջը: Tert.am Life-ի հետ զրույցում Ռաֆոն ասաց, որ իրեն Էրիկն է հայտնել, որ էջը կոտրել են։
«Էրիկը զանգեց, ասաց, որ էջս կոտրել են ու առաջարկեց իր օգնությունը, քանի որ այս օրերին զբաղված էր իր էջը վերականգնելու գործերով և գիտեր` ինձ ինչ քայլեր են առաջարկելու անել։ Մոտ կես ժամվա ընթացքում նամակներ գրեցինք Ինստագրամին, սակայն նրանք 14 օրվա ընթացքում են պատասխանում։ Մինչև առավոտյան ժամը 6։30 Էրիկի օգնությամբ արել եմ բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են էջի վերականգնման համար, սակայն դեռևս անարդյունք»,– ասաց դերասանը։
Ի դեպ, երբ կոտրել էին Էրիկի էջը և Ադրբեջանի դրոշով նկար հրապարակել, Ռաֆայել Երանոսյանի էջից նկարը լայք էր արված։ Ռաֆոն նշեց, որ վերջին օրերին ինքը պասիվ է եղել Ինստագրամում և չի լայքել այդ նկարը։ Հավանաբար, հաքերն առաջին օրը չի մտնում իր էջ։
Ռաֆոն նշեց, որ իր մոտ միացված չի եղել կրկնակի պաշտպանությունը, քանի որ երբևէ չի մտածել, որ կարող են մտնել իր էջ. «Հիմա բոլոր ընկերներիս հորդորում եմ, որ փոխեն իրենց գաղտնաբառերը, միացնեն կրկնակի պաշտպանություն` մեյլի կամ հեռախոսի օգնությամբ, քանի որ հատկապես այս օրերին ադրբեջանցի հաքերները սևեռնվել են հայ հայտնիների էջերի վրա»։
Դերասանը նկատեց, որ սա միայն արտիստների խնդիրը չէ, քանի որ այս օրերին պատերազմ է ընթանում նաև տեղեկատվական դաշտում։ «Այսօր արտիստների էջերն են կոտրում, վաղը կարող են ՊՆ էջը կոտրել և ապատեղեկատվություն տարածել»,– ասաց նա։
Ռաֆայելին զայրացնում է այն փաստը, որ ինչ–որ երեխա կարող է կոտրել իրենց էջը և ադրբեջանական քարոզչություն անել դրա միջոցով։ «Ես իմ էջում գաղտնի բան չունեի, սակայն չեմ ուզում, որ իմ էջի միջոցով ապատեղեկատվություն տարածվի։ Դա շատ տհաճ է։ Հատկապես Ապրիլյան պատերազմի տարելիցին ինչ ասես կարող են գրել»,– նշեց նա ու իր ու Էրիկի հետևորդներին հորդորեց չլայքել հրապարակած լուսանկարները, չնայել ուղիղ եթերները, որոնց ժամանակ հնչում է Ադրբեջանի հիմնը, անպատեհ արտահայտություններ և այլն։
Նա խնդրեց report անել ադրբեջանական հրապարակումները։ Ի դեպ, այս դեպքում պետք է report անել միայն ադրբեջանական նկարները, էջը report անելու դեպքում այն կարող է փակվել։ Պետք է անել հետևյալ քայլերը. ադրբեջանական փոստերի վերևում`աջ կողմում կա «…» նշանը, պետք է սեղմել և ընտրել Пожаловаться, նշել Это Спам կամ Неуместные материалы, ապա` Преследование -> Знаменитость или публичная личность։