Մերի Հակոբյանը թուրքական սերիալում է նկարահանվելու. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մերի Հակոբյանը թուրքական սերիալում է նկարահանվելու. life.panorama.am

Դերասանուհի Մերի Հակոբյանի համար արվեստը լեզու, ազգություն, կրոն ու թշնամի չունի: Մերին երբեք չի թաքցրել, որ սիրում ու բարձր է գնահատում թուրքական մշակույթը և հատկապես ֆիլմարտադրությունը: Նա հետևում է թուրքական սերիալներին և իր խոսքով` այս առումով իրեն քննադատողների հետ պատրաստ է բանավեճի դուրս գալ: Մերի Հակոբյանի նման տեսակետի մասին շատերը գիտեին, քանի որ նա հաճախ է իր Instagram-ի էջում թուրքական սիրելի սերիալներից տեսանյութեր հրապարակում: Պարզվում է` Մերին իր կարծիքով կիսվել է ոչ միայն իր հետևորդների հետ, այլև պարբերաբար իր գովեստի խոսքն է գրել թուրքական հայտնի «Kara-Para Ask» ֆիլմարտադրող ընկերությանը, որն ավելի ուշ իր համար ճակատագրական է դարձել. Նա այս ընկերությունից հրավեր է ստացել` նկարահանվել թուրքական նոր սերիալում ու մարմնավորել հայուհու:

Այս մասին Մերի Հակոբյանն առաջինը պատմել է Life.panorama.am-ին: Նրա խոսքով` իրեն անսահաման երջանիկ է զգում, որ հնարավորություն ունի աշխատելու իր սիրելի ընկերության հետ:

«Իհարկե, ինձ համար շատ անսպասելի էր այս առաջարկը: Ես երբևէ չէի կարող պատկերացնել, որ մի օր կնկարահանվեմ նման բարձրակարգ ընկերության ֆիլմում: Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Երբ ես հերթական անգամ իմ սիրելի սերիալից հետո նրանց գրեցի, որ որպես դերասանուհի ուրախ եմ, որ կարողանում են բարձրակարգ սերիալներ նկարահանել ու կոտրել այն կարծիքը, որ սերիալը համարվում է ավելի ցածր աժեք ունեցող ժանր, նրանք ինձ գրեցին, որ շուտով նկարահանելու են մի ֆիլմ, որը պատմելու է Թուրքիայում ապրող հայ աղջկա մասին: Առաջարկեցին մասնակցել քասթինգին: Սա ինձ մոտ մի փոքր շփոթմունք առաջացրեց, բայց մտածեցի, իսկ ինչու ոչ: Ես ունեի տասը օր ժամանակ, պետք է մեկնեի Ստամբուլ, մասնակցեի քասթինգին, բայց ծնողներս այնքան էլ ուրախությամբ չվերաբերվեցին իմ նորությանը: Ինչևէ, երկար ժամանակ չունեի, քրոջս միջոցով ստացա նաև ծնողներիս թույլտվությունն ու մեկնեցի»,- պատմեց Մերին ու շարունակեց.

«Ես ուրախությամբ պետք է ասեմ, որ այնտեղ ինձ շատ լավ ընդունեցին, մեծ հարգանք ու լավ վերաբերմունք ցուցաբերեցին ու զգացնել չտվեցին անգամ, որ մեր ազգերը դարավոր թշնամիներ են: Քասթինգը բարեհաջող անցավ, ես պայքարում էի այնտեղ ապրող երկու հայուհու հետ, արդյունքում, ի ուրախություն ինձ, ընտրությունը իմ վրա կայացավ: Ֆիլմը պատմելու է Թուրքայում ապրող հայ աղջկա մասին, ում որդեգրել են թուրք կինն ու տղամարդը, քանի որ երեխաներ չունեն: Ըստ ֆիլմի սցենարի` աղջիկը չի մոռանում իր ազգությունը, բայց սիրահարվում է թուրքի: Ինձ բացատրեցին, որ սա հատուկ է մտածված` այդպիսով մարդկանց ցույց տալու, որ սերը թշնամի չունի»:

Մերի Հակոբյանի փոխանցմամբ` սերիալի նկարահանումները կսկսվեն ամռանը, նա մի քանի ամսով կտեղափոխվի Ստամբուլ: Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ֆիլմի սցենարի նման այնտեղ սիրահարվի թուրքի և որոշի ամուսնանալ ու այնտեղ ապրել, պատասխանեց.

«Այժմ այդ ուղղությամբ չեմ մտածում, և հազիվ թե նման բան լինի, սակայն ինչպես այս ընկերության հետ աշխատելն էի նախկինում անհավանական համարում, ինչը հետո պատահեց ինձ հետ, այնպես էլ թուրքի հետ ամուսնությունն եմ այժմ անհավանական համարում ու հավելում, որ կյանքում ամեն բան էլ պատահում է»:

Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 1-ն է` ծիծաղի օրը, և կատակելով` մարդիկ հաճախ են ստում միմյանց: Life.panorama.am-ն ու Մերի Հակոբյանը շնորհավորում են բոլորին` հայտնելով, որ սա ապրիլմեկյան կատակ էր:

«Իրականում, իսկապես համարում եմ, որ արվեստը լեզու ու սահմաններ չունի և բարձր եմ գնահատում թուրքական ֆիլմատադրությունը: Սակայն, իրականում, նման առաջարկ չի եղել և ես էլ երբեք նրանց չեմ հայտնել իմ գովեստի խոսքը: Անգամ չգիտեմ, իսկապես առաջարկ ունենալու դեպքում կհամաձայնվեի արդյոք նկարահանվել թուրքական սերիալում»,- ժպիտով ավարտեց Մերին:

 



Նման նյութեր