«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում, որը կկայանա մայիսի 9-ին, Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո: Կիևում Արծվիկը կներկայանա «Fly with me» երգով, որը պրեմիերայից հետո քննարկման առիթ դարձավ։ Շատերը կարծում էին, որ այն մրցույթային երգ չի։ Բայց youtube–ում և առցանց քվեարկությունների արդյունքում այն բարձր հորիզոնականներն է զբաղեցնում։
Tert.am Life–ը Արծվիկի երգի մասին զրուցել է Արամ MP3–ի հետ, որը 2014 թվականին «Եվրատեսիլ»–ում ներկայացրեց Հայաստանը` զբաղեցնելով 4–րդ հորիզոնականը։
«Կարծում եմ, երգը համապատասխան է Արծվիկին։ Այն ունի մինիմալ շարժում և մաքսիմալ վոկալ։ «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլում շփվելով Արծվիկի հետ, ծանոթ լինելով իր բնավորությանը, խառնվածքին, կարող եմ ասել ճիշտ երգ է ընտրված։ Չեմ կարծում, որ նրան կսազեր պարային ռիթմիկ երգ։ Երգը նաև պետք է արտիստին հարազատ լինի, որ նա այն առավելագույնս լավ կատարի»,– ասաց Արամը։
Վերջինս նշեց, որ շատերը մի չափանիշով են գնահատում երգերը։ «Կան երգեր, որոնք միանգամից հիթ են դառնում, բայց կան երգեր էլ, որ առաջին տպավորությունը չի թողնում, բայց հետո այն հաճախակի լսելուց հետո հասկանում ես, որ լավն է։ Պետք չէ միանգամից կարծիք արտահայտել։ Հատկապես, որ հիմա Արծվիկի երգը youtube–ում շատ դիտումներ է գրանցում։ Դա փաստում է, որ բացասական կարծիքները տեղին չեն»,– դիտարկեց երգիչը։
Հարցին, թե որ հորիզոնականը կզբաղեցնի Արծվիկը, Արամը պատասխանեց. «Ես միշտ ձեռնպահ եմ լինում պատասխանել այս հարցին, քանի որ դժվար է ասել, թե որ հորիզոնականը կզբաղեցնի։ Անկանխատեսելի է քվեարկությունը»։
Արամը, մասնակից լինելով «Եվրատեսիլ»–ին, Արծվիկին մի քանի խորհուրդ տվեց. «Առաջնահերթ խորհուրդ կտամ Արծվիկին չմտնել սոցիալական ցանցեր, քանի որ ամեն մի փոքր բացասական կարծիք կարող է վատ ազդել իր վրա, նա պետք է միայն մտածի իր ելույթի մասին։ Լարված չլինի և մրցույթի օրը բեմում պարզապես հաճույք ստանա։ Իմ պարագայում ես շատ լարված եմ եղել, որն էլ խանգարել է հաճույք ստանալ։ Ես ինքնաքննադատ եմ. ինձ մոտ դժվար է եղել լարվածությունն անտեսել ու հաճույք ստանալ։ Համերգից հետո եմ հասկացել, թե ինչ է կատարվել բեմում։ Այն բաները, որոնք ես չեմ զգացել բեմում լարվածությունից ելնելով, կցանկանամ Արծվիկը զգա»։
Ամբողջությամբ՝ life.tert.am