Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր Facebook-յան էջում գրում է. «Վերջին օրերս ծավալված «Սինգապուրի խոսույթում» իմ համեստ կարծիքն էլ հայտնեմ:
Ընդհանրապես Հայաստանի, ասենք այսպես, հոգևոր բնորոշումներ շատ կան. դրանցից հընթացս կարելի է հիշել՝ «թանգարան բաց երկնքի տակ», «երկիր դրախտավայր», «ուխտագնացության վայր», «սրբազան լեռնաշխարհ» և այլն:
Լայն իմաստով ազգային մակարդակում չկա սակայն մեր երկրի, պայմանականորեն ասած, աշխարհիկ կամ երկրային սահմանումը և դրանից անմիջականորեն բխող գործողությունների ծրագրավորումը: Սահմանադրության մեջ արձանագրվածն, ըստ էության, գիտակցվում է որպես կաղապարային կամ տրաֆարետային բնորոշումների շարան, որը չի իրականացնում վերը նշված սահմանման գործառույթը:
Այս առումով քանի դեռ Հայաստանն առայժմ միայն հոգևոր տիրույթում է, կամ այլ խոսքերով՝ միայն մեր սրտում, այլ ոչ թե՝ հստակ սահմանմամբ նաև մեր ուղեղներում, մե՛կ Սինգապուր ենք լինելու, մե՛կ՝ Իսրայել, մե՛կ՝ Ասիա, մե՛կ՝ Եվրոպա, այդպես էլ չդառնալով դրանցից ոչ մեկը և որ ավելի վատ է՝ հենց Հայաստան»: