100-ից բարձր տարիքի ավելի քան 65 հազար մարդ է ապրում Ճապոնիայում
Advertisement 1000 x 90

100-ից բարձր տարիքի ավելի քան 65 հազար մարդ է ապրում Ճապոնիայում

Ճապոնիայում ներկայում 65 հազար 692 մարդ է ապրում, որոնց տարիքը գերազանցում էԷ 100-ը. այս տվյալները երկրի առողջապահության նախարարությունը հրապարակել է «Ծերությունը պատվելու» օրվա նախաշեմին, որը նշվելու է սեպտեմբերի 19-ին եւ պետական տոն է:

Սա ամենաբարձր ցուցանիշն է երկրի ողջ պատմության ընթացքում: Երկարակյացների ճնշող մեծամասնությունը՝ 88 տոկոսը, կանայք են. 65 հազար մարդկանց թվում միայն 8 հազարն է տղամարդ, իսկ 57 հազարը կանայք են:

Յուրաքանչյուր 100 հազար բնակչին ընկնող երկարակյացների հարաբերակցությամբ առաջատարն արդեն չորրորդ տարին Սիմանեի պրեֆեկտուրան է՝ 96,25 ցուցանիշով:

Ամենատարեց ճապոնուհին ապրում է Կագոսիմա պրեֆեկտուրայում. նա ծնվել է 1900 թվականի օգոստոսին: Ամենատարեց տղամարդը՝ Մասամիցու Յոսիդան, ապրում է Տոկիոյում, լրացել է նրա 112 տարին:

Նախարարությունը երկարակեցության աճի հիմնական պատճառը համարում է բժշկական սպասարկման եւ ամենատարեց մարդկանց գիտակցության բարձր մակարդակը, որոնք աշխատում են ժամանակին դիմել բժիշկներին:

Ծերությունը պատվելու օրը առողջապահության նախարարությունն ավանդաբար 100 տարեկան դարձած յուրաքանչյուր բնակչի ուղարկում է արծաթե գավաթ եւ պատվոգիր:

Սկզբում գավաթը պատրաստում էին մաքուր արծաթից, սակայն երկարակյացների աճող թվի պատճառով այս տարվանից այն փոխարինել են արծաթազօծ գավաթով, ինչը կրկնակի կրճատել է դրա գինը: Չնայած դրան, 100-ամյա հոբելյարներին շնորհավորելու կապակցությամբ առողջապահության նախարարության ծախսերը կազմում են շուրջ 150 մլն իեն (շուրջ 1,5 մլն դոլար), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: