Ի՞նչ սկզբունքներով են ընտրվել «Stand Up» հումորային նախագծի մասնակիցները. Մանրամասնում է պրոդյուսեր Սարգիս Մնոյանը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ սկզբունքներով են ընտրվել «Stand Up» հումորային նախագծի մասնակիցները. Մանրամասնում է պրոդյուսեր Սարգիս Մնոյանը

«Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում ապրիլի 7-ից կմեկնարկի «Stand Up» հումորային նախագծի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 հաղորդումից։

Life.panorama.am-ը նոր նախագծի մանրամասների մասին է խոսել պրոդյուսեր Սարգիս Մնոյանի հետ:

«Որպես պրոդյուսեր և մարդ՝ մեծ հետաքրքրություն ունեմ «Stand Up»-ի նկատմամբ և հենց այդ հետաքրքրությունն ու սերը բերեց այն մտքին, որ նման նախագիծ իրականացնենք: Իհարկե, սա նաև մարտահրավեր եմ համարում այն կարծիքների դեմ, ըստ որոնց՝ նման նախագիծ դժվար ու անհնար է իրականացնել: Բնականաբար, դժվարություններ կան, քանի որ այն ծավալուն նախագիծ է, բայց ցանկության և ճիշտ ուժերի կենտրոնացման դեպքում, ամեն բան էլ հնարավոր է: «Stand Up» հումորային նախագծի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռ մեկ տարի առաջ, մենք հրավիրեցինք այս ժանրում փորձ ունեցող շատ երիտասարդների: Դրանից հետո նկարահանվեց առաջին փորձնական հաղորդումը, ապա հեռուստաընկերության կողմից հավանության արժանանալուց հետո, ավելի կենտրոնացած սկսեցինք աշխատել, փորձաշրջաններ անցկացնել, և արդեն օրեր անց, այն եթերում կլինի: «Stand Up»-ը կհեռարձակվի ամեն ուրբաթ՝ ժամը 22:00-ին», – պատմեց պրոդյուսերը:

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են ընտրել նախագծի շրջանակում մասնակցող «Stand Up» կատարողներին, Սարգիս Մնոյանը պարզաբանեց.

«Մեզ մոտ բացի Հայկ Պետրոսյանից և Հովհաննես Դավթյանից, ովքեր մեծ փորձ ունեն այս ժանրում, մնացած բոլորը հեռուստադիտողին անհայտ են, բայց ունեն փորձ այս ոլորտում: Վերջին մի քանի տարում մեզ մոտ «Stand Up»-ի կուլտուրա է ձևավորվել, որոնք հիմնականում փաբային դրսևորումներ են ունեցել: Բնականաբար, երբ նախագծի գաղափարն առաջացավ, սկսեցի ավելի շատ հետաքրքրվել, հետևել  գործող «Stand Up» կատարողների աշխատանքին, ոմանց էլ ընկերներս խորհուրդ տվեցին և արդյունքում ձևավորվեց մեր թիմը: Ընդ որում՝ նախագիծը միշտ բաց է լինելու, և քանի որ սա կենդանի պռոեկտ է ու զարգանալու տեղ ունի, շատ հնարավոր է, որ ընթացքում մեզ միանան նոր ու շնորհալի մարդիկ»:

Ինչպես հայտնի է, «Stand Up» ժանրում ավելի շատ տղաներ են գործում, սակայն այս նախագծի շրջանակում երկու աղջիկ կներկայանան.

«Ինձ համար էլ էր զարմանալի, որ այս ոլորտում ունենք շնորհալի աղջիկներ, որոնք նաև շատ լավ ստեղծագործում են: Իսկապես, ողջ աշխարհում է ընդունված, որ այս ոլորտում հիմնականում տղաներ են աշխատում, բայց մենք ունեինք երեք աղջիկներ, որոնցից հիմա երկուսն են մասնկացում: Առջևում էլ հնարավոր է, որ մեր է թիմը համալրվի նոր աղջիկ «Stand Up» կատարողներով»,- հավելեց Սարգիս Մնոյանը:

Պրոդյուսերի խոսքով՝ մասնակից «Stand Up» կատարողները, ժանրի կանոններին համապատասխան, ինքնուրույն են գրում իրենց սցենարները, որոնք, իհարկե, անցնում են երկար ճանապարհ ընդհանուր սցենարիստների և պրոդյուսերի հետ համատեղ աշխատանքում:

«Stand Up» հումորային նախագծի շրջանակում կարծարծվեն առօրյա, սոցիալական, կենցաղային և անգամ քաղաքական թեմաներ: Պրոդյուսերի փոխանցմամբ՝ կխոսվի այն ամենի մասին, ինչն այսօր արդիական է ու հետաքրքիր:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր