Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն, 216 ձայն է հավաքել ՀՀ ԱԺ 2017 թվականի ընտրություններում,- հաղորդում է Armtimes.com-ը:
Նա ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված էր Արագածոտնի մարզում՝ թիվ 7 ընտրատարածքում: Նախնական արդյունքների համաձայն՝ տվյալ ընտրատարածքում ՀՀԿ-ից ամենաշատ ձայները հավաքել է Նաիրի Սահակյանը (14166):
Ապրիլի 3-4-ին, Լիլիթ Մկրտչյանը միանալու է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի շախմատի կանանց հավաքականին: Այն մեկնարկել է ապրիլի 1-ին և ավարտվելու է 8-ին: Այս հավաքով թիմը նախապատրաստվում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը, որը մեկնարկելու է ապրիլի 11-ին:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալիք մրցաշարում, բացի Լիլիթ Մկրտչյանից, Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը և կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: