Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով զոհված մարդկանց հիշատակին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կարգադրությամբ ապրիլի 4-ից քաղաքում հայտարարվում է եռօրյա սուգ: Գեորգի Պոլտավչենկոն դիմել է Նևայի ափի քաղաքի բնակիչներին՝ այդ օրերին զվարճալի միջոցառումներ չանցկացնելու, իսկ հեռուստա- և ռադիոընկերություններին՝ ժամանցային ծրագրերի ցուցադրումից ձեռնպահ մնալու խնդրանքով»,- հայտնել են Պետերբուրգի վարչակազմի մամուլի ծառայությունում:
Ապրիլի 3-ին վագոնում պայթյուն է տեղի ունեցել Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջև ընկած ուղեմասում: Ավելի ուշ «Պլոշչադ վոստանիա» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պայթուցիկ սարքը կարող էր գործողության մեջ դնել 23-ամյա մի միջինասիացի, որը կապված է Ռուսաստանում արգելված արմատական իսլամիստական խմբավորումների հետ:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հետաքննությունը դիտարկում է պատահարի նաև այլ վարկածներ: