2017 թվականին առաջին անգամ Կաննի կինոշուկայում Հայաստանը կներկայանա Village International / Pantiero հատվածում` N226 տաղավարում:
ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայի մասնակցության հայտերի քննարկումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ներկայացվել էին 12 կինոնախագիծ: Ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեցին հետևյալ նախագծերը.
1.Բարս մեդիա, «Արշալույսի լուսաբացը»,
2.Սերգո Ուստյան, «Փոխանակում»,
3.Արթուր Սուքիասյան, «Վիրավոր քաղաքը»:
2017 թվականի մայիսի 17-28-ը Կաննի 70-րդ կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկային մասնակցելու համար ՀՀ նախարարությունում ստեղծվել էր հատուկ հանձնախումբ հետևյալ կազմով. նախագահ` Արսեն Բաղդասարյան, (կինոարտադրության փորձագետ), անդամներ` Գուժ Թադևոսյան (ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ), Հովհաննես Գալստյան (կինոռեժիսոր, «ՍԻՆԵՄԱ» կենտրոն, մշակութային, կրթական, արդյունաբերական կենտրոնի հիմնադիր), Վարդան Աբովյան (պրոդյուսեր, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» ներկայացուցիչ), Արման Երիցյան (կինոռեժիսոր), Նարինե Մկրտչյան (կինոռեժիսոր):
ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխան նյութերի տրամադրման դեպքում: