Ճանաչված սփյուռքահայ արվեստագետներ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը եւ Էրիկ Նազարյանը Արցախ այցի ընթացքում հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք աշխարհի բոլոր ազատ մտածող արվեստագետներին կոչ են արել այցելել Արցախ, դառնալ խաղաղության և համերաշխության գործընկերներ, կապ և շփում հաստատել տեղի արվեստագետների և ստեղծագործ, տաղանդավոր մարդկանց հետ, աջակցել, որ նրանք ևս աշխարհին բացվելու հավասար հնարավորություն ունենան և կարողանան իրականացնել խաղաղ պայմաններում ստեղծագործելու և աշխարհի հետ կիսվելու իրենց համամարդկային իրավունքը:
«Մեծ է այն տաղանդավոր երիտասարդների և արվեստագետների թիվը, որոնք շարունակում են գրել, ստեղծել, նվագել և նկարել, նույնիսկ երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և գտնվում են շրջափակման մեջ: Դժբախտաբար, նրանք աշխարհի իրենց գործընկերների հետ շփվելու շատ քիչ առիթ են ունենում, շրջափակումն ու մեկուսացումը խոչընդոտում են փոխադարձ այցելություններին, շփումներին և փորձի փոխանակմանը: Այս ստեղծագործ տաղանդները աշխարհին բացվելու և փոխադարձ ճանաչողության շատ սահմանափակ հնարավորություններ ունեն: Նրանք պարզապես զրկված են արվեստագետի համար կենսական այս իրավունքից»,- նշել են սփյուռքահայ արվեստագետները:
Հիշելով մեկ տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի անակնկալ հարձակումը ոչ միայն առաջնագծի դիրքերին, այլև խաղաղ բնակավայրերի, դպրոցների և անզեն բնակիչների վրա, արվեստագետները նշել են, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերը, սակայն, արդեն որերորդ անգամ, ինքնապաշտպանական գործողություններով կասեցրել են ադրբեջանական այս ագրեսիան, որի միակ արդյունքը մարդկային և նյութական վնասները եղան՝ երկու կողմերի համար:
Հակառակ նրան, որ միջազգային հանրությունը այլևայլ պատճառներով դեռևս չի ճանաչել Արցախի պետությունը, հազարավոր տարիներ ի վեր այս հողի վրա ապրող ժողովրդի զավակները շարունակում են ստեղծագործել և արարել, կառուցել և ծաղկեցնել երկիրը՝ նույնիսկ երբ սահմանների երկայնքով չեն դադարում ադրբեջանական հարձակումները, ռումբի պայթյունները, զենքերի կրակոցները:
«Այստեղ՝ այս պատմական հողի վրա, ուր զինադադարի խախտման, վիրավորների և զոհերի մասին լուրերը շատ ավելի են, քան որևէ այլ տեղեկատվություն, հազարավոր երեխաներ ու երիտասարդներ զրկվում են ստեղծագործելու և արարելու իրենց արդար իրավունքից, քանի որ երկիրը դեռևս մնում է շրջափակված, իսկ զինադադարը՝ փխրուն: Հազարավոր տաղանդներ, գրիչ և վրձին բռնելու փոխարեն, ստիպված են լինում զենք վերցնել և ճակատ մեկնել՝ իրենց տունն ու հայրենիքը պաշտպանելու համար: Ադրբեջանական հարձակումների և այս պարտադրված պատերազմի պատճառով այս երիտասարդները զրկված են խաղաղ պայմաններում ստեղծագործելու և իրենց տաղանդը բացահայտելու իրավունքից: Սահմանամերձ բնակավայրերում ապրող հազարավոր աշակերտներ, դպրոցներում երգ ու երաժշտություն լսելու փոխարեն, պայթող ռումբի և կրակոցների ձայներն են լսում»,- նշված է հայտարարության մեջ: