Մայրաքաղաքում մայիսի 5-ին և 6-ին կանցկացվեն Գինու օրեր: Միջոցառման կազմակերպիչ «Արենի» փառատոն հիմնադրամից տեղեկացրին, որ միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:
«Երևանի գինու օրերի» պատվավոր հյուրերն են լինելու միջազգային գինեգետներ, ինչպես նաև ճանաչված ռուսաստանյան սննդի բլոգերներ (Food bloggers): Միջոցառման կազմակերպիչներն ունեն պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովելու են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
«Երևանի գինու օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռելու հայ գինի արտադրողներին, լավագույն ռեստորաններին և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել և իրականացնել մարքեթինգային այլ ակցիաներ:
Միջոցառումը նախաձեռնել է «Արենի» փառատոն հիմնադրամը՝ Երևանի քաղաքապետարանի և Աննա Մազմանյանի աջակցությամբ: Այն տեղի կունենա Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի, Թումանյան – Պուշկին խաչմերուկների հատվածում: