Յոհան Կրուիֆի անվան մարզական կենտրոնի բացման ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն առիթը բաց չի թողել՝ խոսելու թիմի պաշտպան Ժերարդ Պիկեի վերջին հայտարարությունների մասին:
Հիշեցնենք, որ Պիկեն իրեն բնորոշ արտահայտություններ էր արել՝ նշելով, որ մադրիդյան ակումբը հաղթեց Չեմպիոնների լիգայում խաղից դուրս խփած գոլի շնորհիվ: Բացի այդ, Պիկեն նշել էր, որ ապրիլի 23-ին «Սանտյագո Բերնաբեուում» կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակ մարզադաշտի օթյակում լինելու է պետական դատավոր Մարտա Սիլվան, քանի որ նրա որոշումներով որակազրկվել էին Նեյմարն ու Մեսսին:
Բացի այդ, կատալոնական ակումբի ֆուտբոլիստը նշել էր, որ երբեք չի աշխատի մադրիդյան ակումբում, քանի որ չի հասկանա նրանց գաղափարախոսությունը:
««Բարսելոնան» համաձայն է Ժերարդի հետ»,- նշել է Բարտոմեուն՝ չանելով ավելորդ մեկնաբանություններ:
Հիշեցնենք նաև, որ կատալոնացիների հերթական մարզմանը ֆուտբոլիստները հանդերձարանում Պիկեին ընդունել են ծափահարություններով՝ ի նշան աջակցության և համաձայնության:
Սիրարփի Աղաբաբյան