ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագծով, որի շրջանակում նախատեսվում է պատրաստել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշար նշանավոր հայ զվարճախոս-կատակաբաններ Պըլը Պուղու և Պոլոզ Մուկուչի մասին:
Նրանք եղել են իրենց ժամանակի ամենավառ անհատականություններից, ովքեր համարձակվել են ճշմարտությունը երբեմն կատակի, երբեմն էլ սուր խոսքի միջոցով հասցնել ամենատարբեր մեծամեծների:
Արևելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, ում մասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր: Այսօր և մշակութային, և կրթական իմաստով չափազանց մեծ է մեր սրամիտ առակախոսներին լավագույնս հանրությանը ներկայացնելու կարևորությունը:
Ինչպես տեղեկացրեցին ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնի հանրային կապերի բաժնից` մշակվել է այդ կերպարներից մեր օրեր հասած անգին ժառանգությունը, պատրաստ են սյուժեները և ֆիլմաշարի ողջ կոնցեպտը:
Նախագիծը հավանության է արժանացել մի շարք կազմակերպությունների կողմից, արդեն կա որոշակի աջակցություն սփյուռքից: Ֆիլմաշարը, բացի հայերեն տարբերակից, ունենալու է նաև անգլերեն, ռուսերեն և արաբերեն թարգմանություններ: Շուտով համապատասխան առաջարկը կներկայացվի նաև մշակույթի նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների: ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը պատրաստ է համագործակցել նախագծի կյանքի կոչմամբ հետաքրքրված անձանց և կազմակերպությունների հետ: