Արդեն մի քանի օր է, ինչ դերասան Ռաֆայել Երանոսյանը պայքարում է ադրբեջանցի հաքերների դեմ, քանի որ իր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջը գտնվում է նրանց վերահսկողության տակ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ռաֆայելը նշեց, որ իր համար արդեն պատվի հարց է սոցիալական էջերը հետ բերելը, և այդ ուղղությամբ նա ամեն քայլ ձեռնարկում է:
«Այս պահին ամեն ինչ անում ենք երգիչ Էրիկի ընկերուհու՝ Լանայի շնորհիվ, ով կարողացավ վերականգնել նաև Էրիկի էջերը: Վերջին օրերին մեր հանրապետության համապատասխան ընկերությունների անտարբերությունը տեսնելով՝ հասկացա, որ Լանայից լավ մասնագետ մենք չունենք: Ի դեպ՝ ցավով եմ ասում, որ մեր երկրում խիստ անտարբերություն է տիրում, այս պահին մեր հանրապետության համապատասխան կազմակերպությունները պետք է շատ ավելի շահագրգռված լինեին, որ հայ դերասանի էջերը հետ բերեին ադրբեջանցիների ձեռքերից: Գիտեք, եթե էջերս կոտրեին, օրինակ, չինացիները, ես այսքան չէի մտահոգվի, բայց, երբ թշնամիդ է էջդ կոտրում, դրոշիդ վրա միզում է ու հրապարակում, այս դեպքում, ինձ թվում է, մեր երկրից որոշ կառույցներ պետք է ինձ զանգեին ու իրենց օգնությունը առաջարկեին, ոչ թե մենք ընկնեինք իրենց հետևից: Մի խոսքով, հասկացանք, որ ինչպես միշտ էս հանրապետությունում ոչ մեկ մեզ բանի տեղ չի դնում ու ստիպված մեր ուժերով, ավելի ճիշտ՝ կոնկրետ Լանայի ուժերով այս պահին ամեն բան անում ենք: Ի դեպ՝ Լանան այնքան լավ մասնագետ է, որ կարողացել է անգամ մի քանի ադրբեջանցու էջեր կոտրել: Եղել են դեպքեր նաև, որ մեր արտիստներից մի քանիսի էջերը նախապես վնասազերծել է ու չի թողել, որ ադրբեջանցիները կոտրեն: Լանան ոչ միայն լավ մարդ է, այլև լավ մասնագետ, ինչի կարիքն էսօր մեր երկրում շատ ունենք,- պատմեց Ռաֆայելն ու շարունակեց.
«Լանան հիմա Instagram-ին նամակ է գրել, նրանք պետք է ճշտեն, համոզվեն, որ էջս գողացված է, որ ես եմ իրական տերը, որ ես հայ դերասան եմ և այլ անձնական տվյալներ: 12 ժամ անց մեզ պատասխան կտրվի, որից կհասկանանք, Instagram-ը մեզ կփոխանցի արդյոք իմ էջը: Այս պահին սպասողական վիճակում եմ գտնվում, բոլոր սոցիալական էջերս, անգամ անձնական փոստս նրանց ձեռքում է»:
Ռաֆայել Երանոսյանը հայտնեց նաև, որ տխրում է, երբ նման վատ իրավիճակում գտնվել են հայեր, ովքեր ցանկացել են օգտվել դրությունից և անգամ չարախոսել.
«Կան հայեր, ովքեր նամակ են գրում, ասում, թե իրենց մոտ է իմ էջը ու կարող են վաճառել: Կամ լսել եմ, թե ոմանք կարծում են, որ նման քայլով ինքս ինձ PR եմ անում: Նման վարվելաձևը ուղղակի թրքություն է»,- նկատեց դերասանը:
Մեզ հետ զրույցում Ռաֆայելը նշեց նաև, որ այս ընթացքում անծանոթ մարդիկ Ռաֆայել Երանոսյանի անունով նոր էջեր են բացել, որոնց հետ ինքը կապ չունի.
«Այս պահին պաշտոնապես ուզում եմ ասել, որ թե ֆեյսբուքում, թե Instagram-ում իմ անունով բացված նոր էջերի հետ ես որևէ կապ չունեմ: Ցավոք, մերոնք այս օրերին իմ անունից կեղծ էջեր են բացում ու մարդկանց ինչ-որ բաներ գրում, որոնց հետ կապ չունեմ: Ես այնքան եմ ցավում, որ հայերն են նման բաներ անում, այդպիսով երևի գումար են ուզում աշխատել, բայց ես կարող եմ իրենց անձամբ այդ գումարը տալ, միայն թե իմ անունից կեղծ ոչինչ չանեն, ամոթ է, իմ հաշվին այդ միջոցով չարժե գումար աշխատել»,- շեշտեց դերասանը՝ ընդգծելով, որ իրեն այս պահին մտահոգում է միայն այն հանգամանքը, որ էջը կոտրվել է ադրբեջանցիների կողմից և եթե ուրիշ երկրի հակերները նման բան անեին, նա ուղղակի ուշադրություն չէր դարձնի:
Զրույցի վերջում դերասանը նշեց, որ անձնական էջերը վերադարձնելուն պես՝ ամեն օր մեր երկրի հետ կապված հրապարակումներ է անելու՝ ապացուցելու, որ մենք հզոր ենք ոչ միայն մարտի դաշտում, այլև բոլոր ոլորտներում: