Ջազի հայկական ասոցիացիայի և «Mezzo Production»-ի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Ջազը հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը:
Համերգին ելույթ կունենա Արցախի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան): Համերգային երեկոյի հատուկ հյուրերը կլինեն Մալխաս Ջազ Բենդը և Արմեն Հյուսնունցը:
«Արցախի պետական ջազ նվագախումբը բավականին հետաքրքիր ջազային երաժշտություն է ներկայացնում: Եվ ես սիրով եմ մասնակցելու նրանց հետ համատեղ համերգային ծրագրին: Ընդգծեմ, որ ջազը հիմնված է իմպրովիզի վրա, և ես ամեն օր նոր գործեր են ստեղծում: Կնվագեմ դրանցից մի քանիսը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը և հավելեց, որ ինքն ապրում է` ինչպես նվագում է, նվագում է՝ ինչպես ապրում է:
Համերգից ստացված հասույթը կուղղվի ԼՂՀ-ի մշակույթի նախարարությանը: