Երևանի ավագանու ընտրություններին Անահիտ Բախշյանը կառաջադրվի «Ելք» դաշինքի ցուցակով. 1in.am
Advertisement 1000 x 90

Երևանի ավագանու ընտրություններին Անահիտ Բախշյանը կառաջադրվի «Ելք» դաշինքի ցուցակով. 1in.am

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակով կառաջադրվի նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ նախորդ օրը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշի չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, ապա ինքը դեմ չէր լինի քննարկել «Ելք»-ի հետ իր մասնակցությունը:

«Այսօր զանգեց Էդմոն Մարուքյանը և ասաց, որ իրենք քննարկել են իմ առաջարկը և հրավիրում են ինձ առաջին տասնյակ, և ես, իհարկե, հրավերն ընդունել եմ «Ելք»-ի հետ մասնակցել ավագանու ընտրություններին»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ այս չորս տարիներին հսկայական փորձ ունի կուտակած, և գործեր կան, որոնք պետք է շարունակել. «Ուրախ կլինեմ, եթե «Ելք»-ի ավագանու երիտասարդների հետ մեր թիմը ավագանիում լուրջ կշիռ ունենա և կարողանա վերահսկողություն իրականացնել քաղաքապետի գործունեության նկատմամբ: Այնպես որ, անելիքներ կան»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ «Ելք» դաշինքը ավելի մեծ թիմով ներկայացված կլինի Երևանի ավագանիում, քանի որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքը 14 տոկոս երևանցիների քվեն է ստացել: Նրա կարծիքով՝ դաշինքի պոտենցիալը Երևանի ավագանու ընտրություններին ավելի մեծ է, քան 14 տոկոսը: