Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ բոլոր տղամարդկանց «Մայրության տոն»-ի առթիվ: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորուոմ եմ բոլոր կանանց և աղջիկներին»: «Մայրության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր մայրերին»:
Ինչո՞ւ միայն կանանց ու աղջիկներին: Ինչո՞ւ միայն մայրերին: Կամ՝ ինչո՞ւ կանանց, աղջիկներին և մայրերին: Այո, մայրանալ կարող են միայն կանայք, բայց մայր միայն կանայք ու աղջինե՞րն ունեն, մայրության նվիրումը միայն նրա՞նք են ստանում: «Մայրության տոնը» «մայրանալո՞ւ տոնն է»: Մայրությունը ողջ հասարակության, եթե կուզեք՝ մարդկության ատաղձն է, ներողամտությունն է, ապահովությունն է, մշտական պատրաստակամությունն է, նվիրվելու ու զոհաբերվելու կամքն է, անկաշառ ու անփոփոխ սերն է:
Մայրությունից լի ու լի ստանում են տղամարդիկ, ինչո՞ւ նրանց չշնորհավորել այն երբեք չհնացող, չմաշվող, հաշվարկ ու հաշիվ չպահանջող մեծ սիրո ու նվիրումի համար, որ ստանում են նրանք իրենց մայրերից: «Մայրության տոնը» ողջ հասարակության տոնն է, մայրն ինքը երբեք իր զավակների նկատմամբ սեռային խտրականություն չունի, մայրությունը այն ապահով «տարածքն» է, որտեղ խաղաղություն, հանգիստ, մխիթարանք, ապահովոթյուն են փնտրում բոլոր զավակները:
Առավել՝ արու զավակները, ում բնությունը զրկել է մայրության բերկրանքից, բայց հասարակությունն առատորեն շնորհել է մոր սիրուց և նվիրվածությունից օգտվելու, երբեմն նույնիսկ այդ նվիրավածությունը շահագործելու հնարավորությունը: Եթե «մայրությունը» արժեք է՝ այն արժեք է բոլորի համար, ուստի պետք է բոլորին շնորհավորել այդ արժեքի համար: Թույլ տվեք տղամարդկանց շնորհավորել «Մայրության տոն»-ի առթիվ:
Սիրելի տղամարդիկ, ապրեք, վայելեք ձեր մայրերի սերն ու նվիրումը, համարձակորեն օգտվեք դժգոհելու, ուրախանալու, տխրելու, թախծելու և ձեր այլ զգացումները նրանց մոտ ազատորեն և անկեղծորեն արտահայտելու հնարավորությունից:
Ուրիշ ոչ մի տեղ դա նույնքան անկեղծ հնարավոր չէ, և ուրիշ ոչ մեկը նույնքան պատարստ չէ ձեր հասկանալ, սփոփել, ձեզ հետ միասին ուրախանալ և վշտանալ, լռել՝ երբ այդպես է պետք, գնալ ձեզ հետ և ձեր հետևից՝ երբ այդպես է պետք, ապրել ձեզ համար, որքան ձեր մայրերը: Ուրեմն հենց ձեզ է պետք շնորհավորել «Մայրության տոն»-ի առթիվ: Երջանիկ եղեք»: