Խնամված վարսեր ունենալը դեռ բավարար չէ, սանրվածքներն ու կտրվածքները ևս ենթարկվում են նորաձևության թելադրանքներին, որոնք ամեն սեզոնին նոր թրենդներ են առաջարկում:
Life.panorama.am-ը նորաձև սանրվածքների և կտրվածքների, ինչպես նաև վարսերի ակտուալ երանգների մասին խոսել է ոճաբան-վարսահարդար Սվետլանա Գասպարյանի հետ:
Ոճաբանը զրույցը սկսեց նորաձև գունապնակից.
«Մազերի նոր գունաներկման տեխնիկան կոչվոմ է «վագրի աչք», որը ստեղծվել է բալային ներկման տեխնիկայից: Այդ դեպքում բաց գույնի մազերը աստիճանաբար դառնում են մուգ: «Վագրի աչք» տեխնիկայի միքտը առաջացել է բնական քարից, որն ունի մեղրաոսկեգույն-շականակագույն երանգ: Նմանատիպ երեք գույների միաձուլումը կարող ենք տեսնել Ջենիֆեր Լոպեսի, Ջեսիկա Ալբայի, Քլոե Քարդաշյանի մոտ: Երանգների շարքում նաև շարունակում են նորաձև մնալ մետալիկ գույները՝ մոխրագույնի ու մանուշակագույնի միաձուլումը»,- նշեց Սվետլանա Գասպարյանը:
Անդրադառնալով կտրվածքներին՝ ոճաբանի խոսքով՝ այս տարի նորաձև են կարճ վարսերը.
«Կտրվածքների հարցում շատ նորաձև են կարճ տարբերակները: Այս շարքում հետաքրքիր են ոճով ավելի տղամարդկանց մոտ կտրվածքները և այն տարբերակները, որոնք չունեն համաչափություն և բնական տեսք են հաղորդում: Նմանատիպ կտրվածքներ կարելի է հանդիպել Քարա Դելեվինգնեի, Թեյլոր Սուիֆթի, Քենդալ Ջենների մոտ»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Դե իսկ նորաձև սանրվածքներին անդրադառնալիս՝ Սվետլանա Գասպարյանը կրկին խոսեց համաշխարհային աստղերի օրինակներով.
«Վերջերս տեղի ունեցավ «Օսկար» մրցանակաբաշխությունը, որից հետո նոր սանրվածքներ ի հայտ եկան: Ոճաբանները հետաքրքիր լուծումներ էին գտել՝ համադրելով ռետրո և մոդեռն ոճերը և հագուստի, և սանրվածքների առումով: Սանրվածքները մեծամասամբ թափթփված տեսք ունեին. առաջին հայացքից թվում է, թե շատ աշխատանք արված չէ, սակայն իարկանում դա էլ է մեծ աշխատանք պահանջում: Հետևաբար այլևս նորաձև չեն կոկիկ սանրվածքնրը: Հիմնականում նկատելի էին ալիքաձև թափթփված պոչերը, պարանոցի հատվածում թափթփված կոսերը և անփույթ տեսք ունեցող ալիքները: Նման մեծամաշտաբ միջոցառումներից հետո պարզ է դառնում, որ նորաձևությունը նախապատվությունը տալիս է բնական գեղեցկությանը»,- ավարտեց ոճաբան-վարսահարդարը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am