Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում սրճարան-ռեստորաններ բացելու ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գաղափարը, ի տարբերություն շատերի, դերասան Սերգեյ Դանիելյանը չի բոյկոտում:
Life.panorama.am-ի հետ զրույցում Սերգեյ Դանիելյանը նշեց՝ մեծ հույս ունի, որ այս գաղափարը կծառայի իր նպատակին, բայց և հասկանում է այս թեմայի շուրջ հասարակության մտահոգությունը.
«Բացի պարոն Ամիրյանի կարծիքից, լսել եմ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի կարծիքը, և ճանաչելով նրանց՝ կարծում եմ սա լավ նախաձեռնություն է: Ճիշտ է՝ մենք սովոր ենք, որ յուրաքանչյուր բան անճաշակները փչացնում են ու եթե իշխանության մատը խառն է, ուրեմն վատ բան կլինի, այս առումով կիսում եմ ժողովրդի մտահոգությունը, սակայն, իմանալով մշակույթի նախարարի ու օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ճաշակը, չեմ կարծում, թե այս գաղափարն արդյունքում վատ պտուղներ կտա: Սա կոմերցիոն քայլ է, որը կշատացնի և հանդիսատեսի քանակը և շահավետ կդառնա թատրոնի համար»,- նշեց դերասանը:
Սերգեյ Դանիելյանը չի կիսում այն կարծիքները, թե նախատեսված ռեստորաններում կհնչի վատ երաժշտություն.
«Այն, որ մեր հասարակությունը ռաբիզ է ու նման վտանգ միշտ կա, դա միանշանակ է, բայց չեմ կարծում, որ նման բան լինի, քանի որ այս հարցով զբաղվում են Արմեն Ամիրյանն ու Կոնստանտին Օրբելյանը: Ըստ իս՝ կլինի ցենզ, հատուկ վերահսկողություն, որը թույլ չի տա՝ նման բան տեղի ունենա: Ճիշտ է՝ մեր երկրում շատ են ռաբիզ ռեստորանները, բայց չէ որ կան նաև այնպիսիք, որտեղ ռաբիզ երաժշտություն չի հնչում, անգամ կան հեռուստաալիքներ, որոնցով ռաբիզ չի հնչում: Ես չգիտեմ, թե ինչ կլինի վերջում, բայց, ամեն դեպքում, ես լավատես եմ»,- հավելեց դերասանը:
Իսկ հարցին, թե ինչ կարծիք ունի Մշակույթի նախարարի հաջորդ նախաձեռնության նկատմամաբ, ըստ որի Օպերային թատրոնում պետք է լինի նաև մարզասրահ, շոգեբաղնիք, Սերգեյ Դանիելյանը երկար ծիծաղեց, ապա ավելացրեց.
«Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես են տեղակայելու այդ ամենը: Եթե դա նախատեսված կլինի միայն դերասանների համար, ինչու ոչ, լավ գաղափար է, քանի որ այդպես դերասանները լավ մարզավիճակում կլինեն, ներկայացումից հետո էլ շոգեբաղնիք կգնան ու ցնցուղ կընդունեն: Ես էլ կուզեի, որ մեր թատրոնում նման բան լիներ»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am