Ապրիլի 7-ը յուրահատուկ նշանակություն ունի մեզանում, քանի որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Դերասան ամուսիններ Նոնա Թելոյանն ու Դավիթ Հակոբյանն այս տարի այս տոնին յուրահատուկ վերաբերմունք են ցուցաբերում, քանի որ Նոնան առաջին անգամն է որպես մայր նշելու ապրիլի 7-ը: Life.panorama.am-ի հետ զրույցում Դավիթը նշեց, որ տարիներ առաջ այս տոնը միայն իր մոր հետ էր ասոցացվում, իսկ հիմա՝ նաեւ կնոջ.
«Զրույցը սկսելիս՝ նախ ուզում եմ բոլոր մայրերին շնորհավորել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով ամենակարեւորը առողջ ու երջանիկ կյանք: Ինչ վերաբերվում է իմ ընտանիքին, այսօր մեզ համար կրկնակի տոն է՝ այս տարվանից արդեն մայրիկիս հետ միասին կտոնենք նաեւ Նոնայիս տոնը, քանի որ մեր երազանքը իրականացավ՝ Նոնան մայրացավ»,- նշեց Դավիթն ու իր շնորհավորանքը հղեց կնոջը՝ դերասանուհի Նոնա Թելոյանին.
«Շնորհավորում եմ քեզ սիրելիս, այս գեղեցիկ եւ անչափ կարեւոր տոնի առթիվ: Թող երեխաների հետ կապված բոլոր երազանքներդ իրականանան: Քեզ անսահման սեր ու կանացի երջանկություն եմ մաղթում: Մի բան լավ իմացի՝ ես ու մեր տղան՝ Էդուարդը, քեզ շատ ենք սիրում»:
Հետաքրքրվելով, թե Դավիթը ի՞նչ նվեր է պատրաստել կնոջ համար, մեր զրուցակիցը ժպիտով նշեց.
«Ես ու Նոնան մշտապես միմյանց նվերներ ու անակնկալներ մատուցում ենք ու չենք սպասում որեւէ տոնի: Մենք ինքներս ամեն օրը տոն ենք դարձնում, դրա համար էլ ինձ շատ բարդ է նվերի ընտրությունտ: Նոնան այսօր պարտադիր վարդեր կստանա: Այսօր հաճելի միջավայրում հաճելի օր եմ պլանավորում, որի ընթացքում կլինեն «իմպրովիզ» անակնկալներ ու նվերներ»:
Ի դեպ՝ հայրիկը հոգ է տարել, որպեսզի տասը ամսական Էդուարդը եւս մայրիկին անակնկալ նվեր անի.
«Էդուարդով մեր կյանքը փոխվեց, Էդուարդը Նոնային մայրիկ դարձրեց, ուստի նա այսօր մայրիկին պարտադիր անակնկալ կմատուցի, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել: Վստահ եմ՝ լավ ու հիշարժան օր ենք ունենալու»,- ավարտեց դերասանը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am