Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում շուտով կկայանա «9 ամիսներ» ներկայացման պրեմիերան, որի ռեժիսորն ու բեմադրիչն է թատրոնի գեղարվեստական ղեկավարի դուստրը` Նորա Գրիգորյանը:
Life.panorama.am-ին Նորան հայտնեց, որ այս ներկայացումը նվիրված է լինելու բոլոր ծնողներին.
«Ներկայացումը վերբատիմ ժանրում է, այն դոկումենտալ թատրոն է, որտեղ հավաքված են իրական պատմություններ, որոնք վերածվել են պիեսի: Այն հղիության մասին է, կցուցադրվեն յոթ կյանքի պատմություններ, կներկայացվեն հղիների ապրումներն ու կյանքի դրամաները: Նրանց շարքում կան կանայք, ովքեր առաջին անգամ են մայրանալու, նրանք, ովքեր մեծ տարիքում են երեխա ունենալու, նաև նրանք, ովքեր երկրորդ և ավելի անգամ են մայրանալու, այսինքն հղիների տարբեր կատեգորիաներ»,- նշեց ռեժիսորը:
Նորան պատմեց նաև, որ այս ներկայացման գաղափարն ունեցել է դեռևս իր հղիության ընթացքում.
«Ներկայացումը որոշել էի բեմադրել, երբ հղի էի, երբ տանջանքների ու ցավերի մեջ էի: Ամուսինս միշտ ասում էր, որ անարդար է` կանայք անցնում են այդ ամենի միջով, իսկ տղամարդիկ` ոչ: Հատկանշականն այն է, որ հղիների մասին այս ներկայացման կերպարները մարմնավորում են տղամարդ դերասանները»,- ընդգծեց բեմադրիչը:
Թեև ժանրը Հայաստանում անծանոթ է, սակայն Նորա Գրիգորյանը հույս ունի, որ այն հաջողություն կունենա.
«Այս ժանրը անծանոթ է հայ հանդիսատեսին ու անգամ հայ դերասաններին: Բարձրացնել արդի ու հուզող հարցերը, որոնք կարող են լինել նույնիսկ չափից դուրս կենցաղային: Այս ամենի մասին բեմից խոսելը մի փոքր դժվար է, սակայն այս խնդրի շուրջ մեզ հուզող բոլոր հարցերը մենք բերել ենք բեմ: Կին-տղամարդ փոխհարաբերությունը հղիության ժամանակ, սեռական կյանքը, հասարակության վերաբերմունքը հղիներին, ծննդատան անտարբեր բուժանձնակազմը, կոպիտ բուժքույրերը, որոնք այնքան են իրենց գործունեության ընթացքում ծնունդ ու մահ տեսել, որ արդյունքում դարձել են կոպիտ ու սառը: Նշված հարցերը հուզում են բոլոր կանանց, սակայն այս խնդիրներին զուգահեռ կա մի մեծ ուժ, որ կնոջն անսասան է պահում, խոսքը սպասված երեխայի, ծնողի փրկչի, հրաշքի մասին է: Այս ամենը կհանդիպենք մեկ ներկայացման մեջ, որոնցում կտեսնենք նաև ծանոթ պատմություններ: Դե իսկ վերջում խոստանում եմ էմոցիոնալ ու հաճելի ապրումներ»,- ավարտեց մեր զրուցակիցը:
Լուսանկարը՝ bravo.am-ի
Ամբողջությամբ՝ life.panorama.am