Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Արմինա Ասրյանը, ում տեսնում էինք «Դոմինո»-ի 3-րդ եթերաշրջանում: Դերասանուհին սիթքոմի նոր եթերաշրջանում չի նկարահանվում, իսկ պատճառների և առաջիկա անելիքների մասին պատմել է մեզ հետ զրույցում:
«Ի սկզբանե նախատեսված էր, որ «Դոմինո»-ում իմ կերպարային գիծը կսկսի և կավարտվի 3-րդ եթերաշրջանում: Հիմա արդեն, ամփոփելով այս նախագծում աշխատանքս, պետք է ասեմ, որ ուրախ եմ՝ այս թիմի մասնակիցը լինելու համար ու թեև բնավորությամբ այդքան էլ շփվող չեմ ու հեշտ չեմ մերվում մարդկանց հետ, բայց հասցրեցի բոլորի հետ էլ ջերմ հարաբերություններ ունենալ, որոշ մարդկանց հետ էլ մինչ օրս շարունակում ենք շփվել: Կարծում եմ՝ միշտ էլ սովորելու բան ունեմ, հատկապես, երբ շփվում եմ պրոֆեսիոնալ ու շնորհալի մարդկանց հետ: «Դոմինո»-ն համալրված է մի շարք պրոֆեսիոնալ մարդկանցով, և ես այստեղ մասնագիտական նոր շերտեր բացահայտեցի ինձ համար»,- պատմեց Արմինան:
Դերասանուհին արդեն իսկ նոր առաջարկներ ունի, էկրաններից նա երկար չի բացակայի.
«Այս ընթացքում հասցրել եմ նկարահանվել գովազդային հոլովակում: Արդեն իսկ ունեմ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ, որը, սակայն, դեռևս խմորման փուլում է, ուստի մանրամասնել չէմ կարողանա: «Դոմինո»-ում նկարահանվելու ժամանակ իմ սիրելի սցենարիստ Անուշիկը առաջարկել էր նկարահանվել «Մեղրամիս» հեռուստասերիալում, սակայն համատեղել չհաջողվեց, գուցե առաջիկայում նաև այդ սերիալից առաջարկ լինի»,- նկատեց դերասանուհին:
Արմինան նշեց նաև, որ առաջիկայում չի ցանկանա կոմեդիկ ժանրում ներկայանալ.
«Անկեղծ ասաց, այս պահին ամենաքիչը կոմեդիայում կցանկանամ ներկայանալ, որովեհետև վերջին տարիներին տարբեր նախագծերում հանդես եմ եկել հենց կոմեդիայի ժանրում և դրական կերպարներով: Հիմա մեծ հաճույքով բացասական հերոսուհու կցանականամ մարմնավորել, որպեսզի թե ինձ, թե հեռուստադիտողի համար փոփոխություն լինի»,- հավելեց դերասանուհին:
Ինչպես շատերը գիտեն՝ Արմինան դերասանական արվեստից զատ զբաղվում է ընտանեկան բիզնեսի տնօրինությամբ: Աշխատելով գեղեցկության սրահում՝ Արմիան այս ընթացքում հետաքրքրված է նաև դիմահարդարման արվեստով.
«Ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ գեղեցկության սրահում, քանի որ մենք անընդհատ աշխատում ենք նորարարություններ իրականացնել, որպեսզի մեր հաճախորդները միշտ գոհ լինեն մեզնից, ինչը, կարծես թե, ստացվում է: Ինչ վերաբերվում է դիմահարդարման արվեստին, պետք է ասեմ, որ միշտ էլ սիրել եմ այդ արվեստն ու հետաքրքրված եղել, անգամ մեր կուրսում ներկայացումներից առաջ ինքս էի դիմահարդարում աղջիկներին. Ճիշտ է՝ հիմա, ծիծաղելով եմ հիշում, թե ինչպես էի դիմահարդարում խեղճերին: Ինչևէ, այժմ ընկերուհուս՝ պրոֆեսիոնալ դիմահարդար Ժենյա Ստեփանյանի շնորհիվ հենց մեր սրահում սովորում եմ այս արվեստի հմտությունները: Նրա շնորհիվ էլ ավելի սիրեցի դիմահարդարման արվեստը: Ուրախ եմ, որ ինձ մոտ այն վատ չի ստացվում»,- պատմեց Արմինան:
Իսկ վերջում հետաքրքրվեցինք, թե Արմինա Ասրյանը, ում սիրտն արդեն երկար տարիներ զբաղված է, չի՞ պատրաստվում ամուսնանալ, պատասխանեց.
«Ամեն մեկի կյանքում այդ կարևոր քայլը տարբեր տարիքում է հասունանում: Աստված առաջ, երևի այս տարի կօրինականացնենք մեր հարաբերությունները»: