Պակիստանցի իրավապաշտպան և խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ: Մալալան, որը 13 տարեկանում վերապրել է իր դեմ զինյալների մահափորձը, կզբաղվի աղջիկների կրթության հարցերով: Նա դարձել է խաղաղության ամենաերիտասարդ դեսպանորդը համաշխարհային կազմակերպության պատմության մեջ. հուլիսին կլրանա իրավապաշտպանի 20 տարին:
Յուսուֆզային կոչում շնորհելու արարողությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Խնամակալության խորհրդում՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի մասնակցությամբ: «Դուք ոչ միայն հերոսուհի եք, այլև շատ անձնվեր և մեծահոգի մարդ, որը զարմանալի հատկություններ ունի: Դուք արժանացել եք Նոբելյան մրցանակի, ճանաչվել բոլորի կողմից և նույն համեստ ու անկեղծ անձնավորությունն եք մնացել մարդկանց հետ ձեր շփումներում»,- նշել է գլխավոր քարտուղարը:
Խաղաղության դեսպանորդի կոչումն ամենապատվավոր տիտղոսն է, որը ՄԱԿ-ը շնորհում է արվեստի, գիտության, իրավապաշտպան և այլ ոլորտների ականավոր գործիչներին: Այսօրվա դրությամբ դեսպանորդների ցուցակում կան բազմաթիվ հռչակավոր մարդիկ, որոնց թվում են՝ հոլիվուդյան դերասաններ Մայքլ Դուգլասը, Ջորջ Քլունին և Շարիզ Թերոնը, երաժիշտ Սթիվի Ուանդերը, գրողներ Պաուլո Կոելիոն և Ջեյն Գուդոլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: