Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն, ով հայտնի է տարբեր հեռուստատեսային նախագծերից, այս տարի Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում:
Life.panorama.am-ին երգչուհին հայտնեց, որ մոսկովյան ժյուրիի կողմից լավ արձագանքի արժանանալն իրեն որքան անակնկալի է բերել, այնքան էլ ավելի պատասխանատվություն է հաղորդել:
«Նախ պետք է ասեմ, որ դեռ դպրոցական տարիներին, երբ իմ ավագ կոլեգաները մասնակցում էին այս մրցույթին, թաքուն երազանք ունեի, որ մի օր էլ ես կանգնեի այդ մեծ բեմում ու մեր երկիրը ներկայացնեի հայերիս կողմից շատ սիրված այդ մրցույթում: Հետո, երբ նոր-նոր էի քայլերս անում երգարվեստում, ինձ կրկին հետապնդեց այդ ցանկությունը՝ «Նոր ալիքի» բեմում հայտնվելու հետ կապված, և սրանից վեց տարի առաջ ես փորձեցի ուժերս: Այն ժամանակ մասնակցեցի «Նոր ալիքի» համար Հայաստանում անցկացվող մրցույթին, որտեղ ընդգրկվեցի լավագույն տասնյակում, բայց չհայտնվեցի լավագույն հնգյակում: Իհարկե, աշխատելու դեռ շատ տեղ ունեի, ինչն էլ լրացրեցի այս տարիների ընթացքում ու «զինված» ներկայացա իմ սիրելի մրցույթի նախնական հայտագրմանը,- պատմեց Սյուզաննան ու շարունակեց.
«Միաժամանակ, պետք է նշեմ, որ այստեղ հայտագրումն իր մեջ չի ենթադորւմ ուղղակի տվյալներդ գրանցելը: Հարկավոր էր հեղինակային երգ (երգիս հեղինակն է Շուշան Սարգսյանը), միջազգային և ազգային հիթ, նաև շատ խոսուն ֆոտոշարք: Այսինքն՝ լուրջ տվյալներ, որոնք մոսկովյան ժյուրիին կգրավեին: Արդյունքում տասն օր չանցած Մոսկվայից ինձ զանգեցին ու հայտնեցին, որ ես անցել եմ կիսաեզրափակիչ փուլն ու ապրիլի 7-ին պետք է մասնակցեմ Մոսկվայում կայանալիք լսումներին: Ինչ խոսք, սա ինձ համար մեծ ու հաճելի անակնկալ էր: Հայաստանից անցել էին հինգ մասնակիցներ, որոնցից երկուսս անցանք՝ ես ու Արցախից՝ Էռնան»:
Հատկանշականն այն է, որ «Նոր ալիք 2017»-ում առաջին անգամ Հայաստանը կներկայացնեն երկու մասնակիցներ.
«Պետք է ասեմ, որ ժյուրին բավականին խիստ ու պահանջկոտ էր: Կային երկրներ, որոնք մեկ մասնակից էին ներկայացրել, բայց այդ մեկ մասնակիցն էլ չանցավ: Մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր երկրից այս տարի առաջին անգամ երկու մասնակից կներկայանա: Երբ առաջինն իմ անունը հնչեց, կարծեցի՝ միայն ինձ են ընտրել, բայց, երբ լսեցի նաև Էռնա Միրզոյանի անունը, շատ ուրախացա, քանի որ մենք տարբեր ժանրերի երգչուհիներ ենք ու այնքան էլ պրոֆեսիոնալ չէր լինի մեր միջև ընտրություն կատարելը: Ի դեպ՝ այնտեղ երկուսիս մասին էլ մեծ գոհունակությամբ էին խոսում, ինչը շատ հաճելի էր»,- հավելեց երգչուհին:
Օգոստոսի 22-ից Սյուզաննան ու Էռնան կմեկնեն Սոչի՝ մասնակցելու մրցույթի նախապատրաստական աշխատանքներին, իսկ «Նոր ալիք 2017»-ը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին: Սյուզաննա Մելքոնյանը տեղյակ չէ՝ մրցույթը Հայաստանի որևէ հեռուստաընկերությամբ կհեռարձակվի, թե ոչ, բայց հույս ունի, որ հեռուստադիտողը թեկուզև օնլայն հեռարձակմամբ կհետևի մրցույթի զարգացումներին:
«Ես ունեի երազանք որևէ միջազգային բեմում ներկայացնել Հայաստանը՝ իմ երկիրը: Դժվար ճանապարհ անցնելուց հետո ես, կարծես թե մոտենում եմ իմ երազանքին: Աստված առաջ, տեսնենք սեպտեմբերին «Նոր ալիքում» ինչ կլինի»,- եզրափակեց երգչուհին: