Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն աշխարհում նշում են ապրիլի 12-ին: Դա հատուկ օր է, որը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը:
1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով մարդու կողմից կառավարվող տիեզերական թռիչքների սկիզբը:
Ընդամենը 108 րոպե տևած թռիչքը դարձել է մեծ բեկում տիեզերքի յուրացման գործում: Յուրի Գագարինի անունը հայտնի է դարձել աշխարհում, իսկ առաջին տիեզերագնացը վաղաժամկետ ստացել է մայորի և Խորհրդային Միության Հերոսի կոչումներ:
ԽՍՀՄ-ում Տիեզերագնացության օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել տիեզերք կատարած մարդու առաջին թռիչքի ժամանակ Գագարինի փոխարինող օդաչու-տիեզերագնաց Գերման Տիտովը: Նա առաջարկել է ԽՍՀՄ կառավարության անունից դիմել ՄԱԿ՝ Տիեզերագնացության համաշխարհային օր սահմանելու նախաձեռնությամբ:
1968թ. Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12-ը նշել որպես Տիեզերագնացության համաշխարհային օր:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ևս բանաձև է ընդունել ապրիլի 12-ը Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օր հռչակելու մասին: Վեհաժողովը ճանաչել է, որ «այդ պատմական իրադարձությունը (մարդու թռիչքը տիեզերք) ճանապարհ բացեց ի բարօրություն ողջ մարդկության տիեզերական տարածությունը հետազոտելու համար»:
Այդ բանաձևում ՄԱԿ-ի անդամ պետությունները «հավաստել են տիեզերական գիտության և տեխնիկայի կարևոր ներդրումը կայուն զարգացման և պետությունների ու ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակներին հասնելու, ինչպես նաև խաղաղ նպատակների համար տիեզերական տարածությունը պահպանելու նրանց ձգտման իրականացումն ապահովելու գործում»: