Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Մաշա Մնջոյանը: Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց, որ օրերս Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում է նկարահանվել.
«Վերջերս ես, Արսեն Սաֆարյանը, Եվա Եգանյանը և երգի հեղինակ՝ Րաֆֆի Ալթունյանը մի նախագիծ իրականցրինք. Միասին նոր երգ ձայնագրեցին ու տեսահոլովակ նկարահանեցինք, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս նախագծի մտահղացումը տեսահոլովակի ռեժիսորինն էր՝ Հարութինը. Կարծում եմ՝ շատ հետաքրքիր ու լավ գաղափար էր՝ այս թեման ևս մեկ բարձրացնել մի քանի երգիչներով»,- նշեց Մաշան՝ հավելելով, որ տեսահոլովակում ներկայացված է նաև պատմություն, սյուժե՝ նկարագրելով 1915թ-ից մինչև մեր օրերը: Մաշա Մնջոյանի համար մայիս ամիսը գերհագեցած է լինելու.
«Մայիսը համերգաշատ է լինելու: Նախատեսվում են Հայաստանով մեկ շրջագայություններ, հանդես կգամ «Եվրոպայի օրեր» նախագծի շրջանակում և կենդանի նվագակցությամբ ելույթ կունենամ Հայաստանի վեց քաղաքներում՝ ներկայացնելով եվրոպական մշակույթը: Կմասնակցեմ նաև մայիսի 22-ին կայանալիք Շարլ Ազնավուրին նվիրված համերգին: Մայիսի 9-ին Հայկ Պետրոսյանի հետ կմասնակցեմ բարեգործական համերգի: Եվ այսպես շարունակ, հերթով թվելու դեպքում երկար կլինի: Միաժամանակ, շարունակելու եմ հանդես գալ իմ բենդով երևանյան տարբեր ակումբներում»,- հավելեց Մաշան: Երգչուհին նկատեց, որ ակումբներում հանդիսատեսը գնալով շատանում է.
«Ես ցավով պետք է նշեմ, որ մեր օրերում քիչ են համերգներ կազմակերպվում, ուստի ակումբային համերգները երգչի համար շատ շահավետ են. այդպիսով լրացվում է բեմ բարձրանալու և իր հանդիսատեսի առջև ելույթ ունենալու երգչի ներքին ցանկությունը: Պետք է ասեմ, որ ակումբում երգելը հեշտ չէ, այստեղ երգիչը փոքրիկ մենահամերգ է տալիս՝ երգելով 1.5-2 ժամ կենդանի ձայնով: Ինչ վերաբերվում է հանդիսատեսին՝ ուրախ եմ, որ ակումբասեր հասարակությունը գնալով մեծանում է, որոնք մեզ հետ միասին լավ ժամանց են անցկացնում»,- նշեց նա:
Մաշա Մնջոյանն այս տարի ավարտում է Երևանի պետական կոնսերվատորիան, երգչուհին մտադրություն ունի հետագայում ուսումը շարունակել արտերկրում. «Իհարկե, արտերկորւմ ուսումս շարունակելը դեռևս միայն ցանկություն է ու չգիտեմ էլ՝ արդյոք կստացվի այդ ցանկությունս իրականացնելը: Ինչևէ, հնարավորության դեպքում կփորձեմ դրսում ևս սովորել. ինձ հետաքրքիր ու շահավետ կլինի իմ ասպարեզի համար նոր և եվրոպական արժեքներին համաձայն գիտելիքներ ստանալ»:
Շատերը կհիշեն, որ Մաշա Մնջոյանը նախորդ տարի մեկնեց Սիդնեյ՝ մասնակցելու այնտեղի «X-Factor»-ին: Թեև թղթաբանական խնդիրների պատճառով Մաշային չհաջողվեց ներկայանալ այդ մրցույթում, սակայն նա, մի քանի ամիս այնտեղ մնալով, հասցրեց սիրել այս քաղաքը: Դրանից հետո երգչուհին պարբերաբար մեկնում է Սիդնեյ, ինչը նոր խոսակցությունների առիթ է հանդիսացել. Շատերի կարծիքով՝ Մաշան որոշել է մշտական բնակությամբ մեկնել Սիդնեյ և նույնիսկ ամուսնանալ այնտեղ: Այս թեմայի շուրջ խոսելիս՝ երգչուհին նշեց.
«Վերջին անգամ մեկնել էի Սիդնեյ՝ մասնակցելու Արա Գևորգյանի համերգին: Իսկապես գեղեցիկ ու բուռն համերգ էր, քանի որ Արա Գևորգյանին այնտեղ շատ են սիրում, ես էլ շատ հետաքրքիր գործիքավորմամբ ներկայացրի «Ադանա» երգը, որը վերջին շրջանում ներկայացվում է ոչ թե որպես գործիքային ստեղծագործություն, այլ՝ երգ: Ինչ վերաբերվում է այնտեղ տեղափոխվելուն, պետք է ասեմ, որ ես իսկապես շատ եմ սիրել այդ քաղաքը և մարդկանց, նրանք այնքան ջերմ են, որ վերադառնալուց հետո մի քանի օր դատարկություն եմ զգում: Միաժամանակ, այնտեղ գնալ ու մշտական բնակություն հաստատելու մտադրություն այս պահին չունեմ ու չգիտեմ՝ հետագայում կունենամ նման մտադրություն, թե ոչ: Թերևս դա կլինի միայն այն դեպքում, եթե հնարավորություն ունենամ այնտեղ ուսում ստանալ: Իսկ ամուսնությանս լուրերը հաստատ սխալ եմ, նման բան չկա»: