ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է քաղաքացիների կողմից հնչեցված երկու արջերի պահպանման հետ կապված ահազանգին: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ ահազանգից հետո բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման աշխատակիցները եղել են դեպքի վայրում :
«Երևան-Թալին ճանապարհի Թալին չհասած գազալցակայանում պահվող արջի մասին ահազանգը ստացվել է նաեւ մի քանի ամիս առաջ: Արջի խնամքով զբաղվող ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական տույժի 100 հազար դրամի չափով: Նրան հանձնարարվել էր, որպեսզի արջի համար ստեղծի օրենքով սահմանված պայմաններ, այն է` 25 քառակուսի մետր տարածք մեկ արջի համար, իսկ առաստաղը պետք է 3 մետր լինի»,- ասաց նա:
Արմեն Վարդանյանի խոսքով` վերջին ահազանգից հետո բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման աշխատակիցները կրկին այցելել են գազալցակայան եւ արձանագրել, որ արջի համար համապատասխան տարածքի կառուցման աշխատանքները մեկնարկել էին, սակայն ձմռան հետ կապված ժամանակավորապես դադարեցվել: «Ինչ վերաբերվում է Հանքավանի հյուրանոցներից մեկում պահվող արջին, ապա վերջինիս համար համապատասխան պայմաններն ապահովված են»,- հավելեց նա:
Քաղաքացիները ահազանգել էին բնապահպանության նախարարություն` Երևան-Թալին ճանապարհի Թալին չհասած գազալցակայանում եւ Հանքավանում՝ Nairi SPA Resorts-ում, վանդակներում պահվող արջերի պահման պայմանների հետ կապված` խնդրելով նախարարությանը ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: