«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել վերջ տալ լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումներին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է ազատ արձակել Մեհման Հուսեյնովին, ով նշված ինստիտուտի անդամ է:
Ադրբեջանցի բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովը ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Մեհման Հուսեյնովի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Ադրբեջանին դիմել են տարբեր միջազգային կազմակերպություններ և կառույցներ: