«Եվրատեսիլ-2017»-ի ռուս մասնակիցը՝ Յուլյա Սամոյլովան, վշտացած է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) չկարողացավ Կիևի հետ կարգավորել Ուկրաինա իր մուտքի արգելման հարցը: Այդուամենայնիվ, երգչուհին հուսով է, որ երբևիցե ելույթ կունենա մրցույթում: Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում:
«Ես հավատում եմ, որ դա դեռ տեղի կունենա: Իմ օրինակով ես ցանկանում եմ ոգեշնչել բոլոր մարդկանց, որ նրանք չհանձնվեն ցանկացած իրավիճակում»,- ասել է Սամոյլովան:
Ապրիլի 13-ին Առաջին ալիքը նամակ է ստացել երգի մրցույթի կազմակերպիչներից, որով տեղեկացվում է, որ ԵՀՄ-ն չկարողացավ ուկրաինական կողմի հետ փոխզիջման հասնել այդ հարցի շուրջ: Դրանից հետո Առաջին ալիքը որոշում է ընդունել հրաժարվել մրցույթի հեռարձակումից, որը պաշտպանել է Եվրոպական հեռարձակողների միության անդամ հանդիսացող «Ռոսիա 1» հեռուստաալիքը, որը նույնպես իրավունք ունի ցուցադրել երաժշտական շոուն:
Մրցույթի կազմակերպիչները հաստատել են, որ Ռուսաստանը չի մասնակցի շոուին, և ափսոսանք են հայտնել, որ երկիրն այս տարի չի կարողանա «Եվրաստեսիլ»-ի մաս դառնալ:
Խնդրի կապակցությամբ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Կիևը հավասար հնարավորություններ է երաշխավորում «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում է հարգել ուկրաինական օրենքները: «Ուկրաինան հավասար հնարավորություններ է երաշխավորում «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում է երաշխավորել հարգանքն իր օրենսդրության նկատմամբ»,- ասված է Twitter-ում արտաքին քաղաքական գերատեսչության միկրոբլոգում:
Տեքստին կից մեկնաբանության մեջ նշվում է, որ Ռուսաստանից «Եվրատեսիլ»-ի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա արգելել են հենց երկրի օրենքների խախտման պատճառով:
«Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչներն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու են մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր արենան կդառնա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը: