Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 2017 թվականից մինչ օրս Թուրքիայի օդանավակայաններում արգելվել է Գերմանիայի 100 քաղաքացու մուտքը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այդ անձանց մուտքը Թուրքիա արգելվել է «հասարակական անվտանգությանը սպառնալիք դառնալու» հիմնավորմամբ:
Թուրքական կողմի նման քայլերը խիստ քննադատության են արժանացել Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր, ազգությամբ թուրք Սևիմ Դաղդելենի կողմից: «Գերմանացիների դեմ ավելացող արգելքները Թուրքիայի նախագահ Էրդողանի բռնապետության համար պատերազմական դաշտն ավելի են լայնացնում»,- նշել է նա:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել են այն բանից հետո, ինչ գերմանական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին քարոզարշավ իրականացնել իր տարածքում: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ հայտարարություններով, որոնցում Գերմանիային և երկրի ղեկավարությանն անվանեց «ֆաշիստ»: