Բասկերը…
Advertisement 1000 x 90

Բասկերը…

Ներկայացնում ենք պատմաբան Վահե Անթանեսյանի ուշագրավ գրառումը իր միկրոբլոգում, բասկերի մասին:

Ովքեր են նրանք ծագումով. գուցե` հայե՞ր

Միայն 1920-ական թվականներին բասկերի հայկական ծագման թեմային անդրադարձավ ազգությամբ բասկ, ակադեմիկոս Բեռնարդո Էստորնես Լասան, ով Վիեննայում ֆրանսերեն լեզվով լույս ընծայեց բասկ ժողովրդի մասին իր սենսացիոն աշխատությունը:

Բասկերը Արևմտյան Եվրոպայի հնագույն ժողովուրդն են: Նրանց գոյությունը տարածաշրջանում ավելի քան երեք հազար տարվա պատմություն ունի: Բասկերի թվաքանակը աշխարհում հասնում է մեկ միլիոնի և նրանք այժմ բնակվում են իսպանական Ալավա, Հիպուսկոա, Բիսկայա նահանգներում և ֆրանսիական Նավարայում: Իրենց ընդհանրական տեսակով, մշակույթով, լեզվով բասկ ժողովուրդը էապես տարբերվում է Արևմտյան Եվրոպայի մյուս ժողովուրդներից: Որտեղի՞ց են նրանք. տեղաբնա՞կ են, եկվո՞ր… հարցեր, որ արդեն քանի հարյուրամյակ մտատանջում են ուսումնասիրողներին: Համենայնդեպս, նրանք Եվրոպայի մյուս ժողովուրդներից շատ առաջ զբաղվել են մետաղագործությամբ և ցորեն են աճեցրել:

Բասկերի հայկական ծագման մասին շատ է խոսվել, և դա սոսկ հայկական սնափառության արդյունք չէ. այդ մասին առաջին բարձրաձայնեցին հենց օտարազգի գիտնականները: Դեռևս 1610 թվականին իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիա քաղաքի մասին իր պատմության մեջ գրում է, որ համաշխարհային ջրհեղեղից հետո ոմն Տուբալի` Հայաստանից իր ընտանիքով հաստատվել է Իսպանիայի արևելքում: Ըստ Էսկոլանոյի` հենց հայերն են եղել ներկայիս Իսպանիայի առաջին բնակիչները:

Էսկոլանոյից հետո այդ մասին երկար ժամանակ այլևս ոչ ոք չխոսեց, սակայն երկու հարյուրամյակ անց բասկերի հայկական ծագման մասին մի քանի աշխատություններ հրատարակվեցին. մասնավորապես, առաջինն այդ մասին 19-րդ դարավերջին արտահայտվեց հանրահայտ բասկագետ, անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը: Հենց նա իր հետազոտության արդյունքում առաջ քաշեց բասկերի հայկական ծագման մասին տեսությունը: Իր տեսակետի հիմնավորման համար Ջոդսոնն անգամ Փարիզի Հատուկ դպրոցում հայերեն ուսումնասիրեց: Ջոդսոնը իր տեսության հիմքում դրել է հայերենի և բասկերենի շատ ընդհանրություններ: Շատ չանցած` ՙԷուսկերա՚ ամսագրում նա հրատարակեց իր սենսացիոն նյութը` «Բասկերեն բառերը հայոց լեզվում» վերնագրով: Հոդվածի մեջ Ջոդսոնը բերում էր հայերենի և բասկերենի մեջ ընդհանրական հիսուն բառեր:

Հոդվածի մեջ, ճիշտ է, Ջոդսոնը զերծ է մնացել որևէ բացատրություն կամ եզրահանգում տալուց: Ջոդսոնի բառարանում հանդիպում ենք չար, այնտեղ, տեղ, զատել… նմանօրինակ հիսուն բառեր:

Առհասարակ, հայերենի և բասկերենի հարյուրավոր բառեր են համընկնում. ելք, եթե, ժառանգ, մռնչալ, որմ, տեղ, թույլ, լայն, երեք, հաստատուն, գարի, աճել, ընկույզ, հերկել, հորթ, այծ, հոտ, մածուն…

Սակայն Ջոդսոնն իր ուսումնասիրության նյութը չզարգացրեց, և թվում էր` գիտական աշխարհը մոռացավ նրա տեսության մասին:

Միայն 1920-ական թվականներին բասկերի հայկական ծագման թեմային անդրադարձավ ազգությամբ բասկ, ակադեմիկոս Բեռնարդո Էստորնես Լասան, ով Վիեննայում ֆրանսերեն լեզվով լույս ընծայեց բասկ ժողովրդի մասին իր սենսացիոն աշխատությունը: Ինքը, Լասան, իր ուսումնասիրության նյութը վերցրել է մինչ այդ Նավարայում բանահավաքչության աշխատանքներ կատարելիս և հանգել հետաքրքիր եզրահանգման:

Նա իր ուսումնասիրության մեջ շատ ավելի հեռուն գնաց և առաջ քաշեց տեսությունը, համաձայն որի` հայերը հնում վերաբնակեցրել են Ֆրանսիայի Նավարա նահանգը, որտեղից էլ առաջացել է բասկ ժողովուրդը: Նավարայում հայերի առաջին բնակավայրը Լասան համարում է Իսաբա գյուղը: Լասան անգամ հայտնում է առաջին հայի անունը, ով հաստատվել է Նավարայում: Նա ոմն Այթոր է, ով իր յոթ զավակներով և ընտանիքով Հայաստանից տեղափոխվել է Նավարա և հաստատվել Իսաբայում` այնտեղ միաժամանակ յոթ բնակավայր հիմնելով: Նա էլ համարվում է բասկ ժողովրդի նախահայրը: Համաձայն Լասայի` հենց Այթորն է Եվրոպա բերել մետաղի մշակման գաղտնիքները և Եվրոպայում հիմքը դրել մետաղագործության: Հետաքրքիր է` բասկերենում Իսաբա գյուղի անունը թարգմանվում է հենց «Նախնյաց հետք»:

Ավելին` մինչ օրս Իսաբայում Էրմինիա անունով ճանապարհ (փողոց) գոյություն ունի, և բասկյան ազգային ավանդույթը պատմում է, որ հենց այդ ճանապարհով է Այթորը եկել Հայաստանից և հաստատվել Նավարայում: Լասան իր աշխատության մեջ բերեց շուրջ երեք հարյուր բառեր, որոնք համընկնում են հայերենում և բասկերենում: Հենց շնորհիվ Լասայի աշխատության` հետին պլան մղվեց բասկերի` վրացական ծագման մասին տարածված վարկածը: Իսկ այս վարկածի ջատագովների հիմնական խաղաքարտը բասկյան այբուբենի նմանությունն է վրացական այբուբենին. բասկյան այբուբենը, ինչպես և վրացականը, չունի մեծատառեր:

Գործին խառնվեցին նաև լեզվաբանները. Նրանց ուսումնասիրությունն առավել ցնցող էր. պարզվում է` հին բասկերենում «Այթոր» բառը թարգմանվում է` «Հայա-ից եկածներ»: Բառը կարելի է ստուգաբանել նաև հայերենով` հայի թոռ… այս վերջին տեսակետն ավելի ուշ առաջ քաշեց գերմանացի տեսաբան և լեզվաբան Ժոզեֆ Կարստը:

Բասկյան ավանդույթից պարզում է, որ վերոհիշյալ առեղծվածային Այթորն իսկապես թոռ է ունեցել Պասկամ անունով, որից էլ` հնարավոր է, առաջացել է բասկ էթնանունը:

Բասկերենում մինչ օրս առկա է «այթորեն սէմէ» արտահայտությունը, որ նշանակում է մաքրարյուն բասկ. Միգուցե, դա կարելի է վերծանել որպես Այթորից սերվա՞ծ… ինչը իր էությամբ տառացի համընկնում է արտահայտության` բասկերեն լեզվի իմաստի հետ:
Սակայն սա դեռ հայտնագործության չնչին մասն էր. Կարստը նաև ուսումնասիրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ բասկերը իրենց մարդաբանական տեսակով արմենոյիդներ են:

Առհասարակ, Կարստը, ով լավ ուսումնասիրել էր հայոց լեզուն, գտնում էր, որ հենց հայերենն է հնդեվրոպական մայր լեզուն… Նրա տեսությունն, ինչ խոսք, լուրջ դիմադրության հանդիպեց եվրոպացի այլ ուսումնասիրողների կողմից և Կարստը այդ պատճառով շատ թշնամիներ վաստակեց:

Ազգությամբ բասկ Էստեբան դե Գարիբայը և Բալթազար դե Էչավեն բասկերի հայկական ծագումը հիմնավորեցին տեղանունների նույնացման փաստերով. մասնավորապես, Բասկոնիայում կա Արաքս գետ, որը ինչպես հայերի, այնպես էլ բասկերի համար սրբազան գետ է համարվում: Բասկերն ունեն նաև իրենց Արարատ սարը` Արալարը:

Սա դեռ բոլորը չէ. Բասկոնիայում կան Աշտարակ (Ֆրանսիայի հարավում), Գորիս, Դեբա (գուցե Դեբե՞դ), Շուբրիա (հիշենք Արմենիա-Շուպրիա), Առան, Կառկառ, Կարբի բնակավայրեր… Սա, ինչ խոսք, չի կարող պատահականության արգասիք լինել:

Այս ուսումնասիրողները անգամ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարագոնա քաղաքի հիմնադրումը համարում են հայերի գործը: Միգուցե, Տարագոնոն Տարոնն է, որը հնագույն աղբյուրներում հայտնի է Տարավնա անվամբ: