Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը պատրաստվում է Դանիայի Կոլդինգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Պողոսյանը նշել է, որ այժմ ավելի լավ մարզավիճակում է, քան նախորդ տարի.
«Այժմ մարզվում եմ հորս` Հրաչյա Պողոսանի գլխավորությամբ: Մեզ օգնում է ԱՄԷ-ից ժամանած մի մարզիչ` Ալի Դաշտհանին: Նա Հայաստան է եկել հանգստանալու նպատակով, բայց իմանալով իմ մասին` օգնում է ինձ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Կմարզվենք մինչև ապրիլի 23-ը, իսկ հաջորդ օրը կմեկնեմ Դանիա: Մարզվում եմ օրական երկու անգամ: Ուշադրություն ենք դարձնում տեխնիկային, տակտիկային, ֆիզիկական պատրաստվածությանը: Նախորդ տարվա համեմատ շատ ավելի լավ մարզավիճակում եմ: Կարծում եմ` հաջող հանդես կգամ առաջնությունում»,- ասել է բադմինտոնիստը:
Պողոսյանն աշխարհամասի առաջնությունից հետո Դանիայի մեկ այլ` Հոլբեկ քաղաքում կմասնակցի Եվրոպայի կոնֆեդերացիայի կազմակերպած հավաքին: Նա ընտրվել է «Centre of Excellence» ծրագրի անդամ. «Առաջնությունից հետո հնգօրյա հավաք կունենանք նույն երկրում: Կծանոթանանք մարզիչների հետ, նաև ծրագրի պայմաններին: Իսկ սեպտեմբերից պետք է մարզվեմ և սովորեմ Դանիայում: Այլ երկրներից ևս 10-11 մարզիկ է ընդգրկված այդ ծրագրում:
Օրական երկու մարզում կունենանք: Եվրոպայի կոնֆեդերացիայի հավաքին մեկ անգամ արդեն մասնակցել եմ: Մեծ փորձ եմ կուտակում: Տարբեր երկրներից ուժեղ մարզիկների հետ խաղալով, ավելի եմ հմտանում: Իսկ Հայաստանում բոլորի խաղը շատ լավ գիտեմ, մրցակցություն չկա: Գլխավոր նպատակս` 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելն է»,- նշել է Լիլիթ Պողոսյանը: Բադմինտոնի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 25-30-ը:
armsport.am