Անցած տարի Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն 155 անձանցից ստացել է 114 դիմում, որից 55-ը գրավոր, 59-ը` բանավոր:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Օմբուդսմենի խոսքով, դիմումների և դիմումատուների քանակային տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ստացվել են նաև կոլեկտիվ դիմումներ:
«Ըստ վարչատարածքային միավորների առավել շատ դիմել են Մարտակերտի շրջանի բնակիչները, իսկ դիմումների թվաքանակով` Ստեփանակերտի բնակիչները»,- ասել է Մելիքյանը՝ պարզաբանելով, որ առավել հաճախ դիմել են աշխատանքային, սոցիալական ապահովության, առողջության պահպանման, բժշկական ապահովության և սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով:
artsakhpress.am