«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, ով մի քանի օր է, ինչ Հայաստանում է, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գերմանիայի ներկայացուցչին ուղեկցում էր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը:
Նրանք միասին ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ, որից հետո Արծվիկը կատարեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երգից մի հատված:
Լևինան տպավորված էր հուշահամալիր կատարած այցից: Նրա խոսքով՝ այն ստեղծում է բավականին հուզիչ մթնոլորտ:
«Եվրատեսիլ-2017» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան Ուկրաինայի մայրաքաղաքում մայիսի 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: