«Go travel» տուրիստական ընկերության ղեկավար Լիանա Սահակյանն իր օրինակով կարծրատիպեր է կոտրում. շիկահեր գեղեցկուհին ունի սեփական բիզնես, իդեալական ընտանիք:
Wnews.am-ի բիզնես հարցազրույցների շարքում այս անգամ ներկայացնում ենք «Go travel» տուրիստական ընկերության ղեկավար Լիանա Սահակյանին։
–Լիանա, 2009 թվականից գործում է Go travel տուրիստական գործակալությունը։ Ինչո՞ւ և ինչպե՞ս հիմնեցիք այն։
-Ճանապարհորդությունն իմ թուլություններից և միևնույն ժամանակ առավելություններից մեկն է։ Ճանապարհորդության ժամանակ հասկացա, որ ոչ միայն ուզում եմ, որ այն մնա իմ հոբբին, այլ նաև դառնա ապրելակերպը, ուստի ծնողներիս աջակցությամբ հիմնեցի «Go travel» տուրիստական գործակալությունը։
–Տուրիստական գործակալությունը հիմնելիս դժվարությունների հանդիպե՞լ եք. երիտասարդ աղջիկը՝ բիզնեսում, ինչպե՞ս էիք գլուխ հանում։
-Անկեղծ ասած, դժվարությունների չեմ հանդիպել։ Ինձ հարազատ մարդկանց աջակցությունն ու ոգևորությունն այնքան շատ էր, որ ուղիս հեշտ ստացվեց։ Անգամ հետադարձ հայացք գցելով կարող ես կարծել, թե ամեն ինչ հատուկ նախագծված էր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մինչև օրս ամեն ինչ այդպես է։
–Ձեր կյանքում ամեն ի՞նչն է հեշտ տրվում։
-Միանշանակ այո։ Դա գալիս է կյանքի հանդեպ իմ մոտեցումից։ Ես կյանքին շատ հեշտ, պոզիտիվ ու գունավոր եմ նայում, դրա համար էլ ինձ մոտ բոլոր բնագավառներում ամեն բան հեշտ ու արագ է ստացվում։
–Գեղեցիկ արտաքինով շիկահերին Հայաստանում բիզնես ոլորտում ինչպե՞ս են ընդունում։
-Ինձ հանդիպած մարդիկ ամեն ինչ ադեկվատ են ընդունել։ Վատ պատմությունների մեջ չեմ ընկնում, միշտ հաճելի բաներ են լինում։ Երբեմն լինում է՝ հաճախորդները գալիս, հարցնում են՝ ո՞վ է տնօրենը, երբ ես ընդունում եմ իրենց՝ զարմանում են՝ ասելով, թե իրենց իսկական տնօրենն է պետք (ծիծաղում է)։ Բնավորությամբ այնպիսին եմ, որ յուրաքանչյուրի հետ կարող եմ իրեն համապատասխան լինել՝ մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր, գիտեմ՝ ինձ որտեղ ինչպես դրսևորել։ Բիզնես միջավայրում ավելի լուրջ եմ, ուստի անձիս հանդեպ ընկալումներն էլ համապատասխանաբար լուրջ են։ Իսկ կյանքում ինձ կաղապարների և ձևականությունների մեջ չեմ դնում. պետք է բազմաժանր լինես, որպեսզի և’ մարդկանց հետաքրքրես, և’ կյանքդ հետաքրքիր անցնի։
–Դուք ամուսնացած եք, ունեք դուստր, ով 6 տարեկան է։ Բիզնեսն ընտանիքին չի՞ խանգարում, ինչպե՞ս եք համատեղում աշխատանքն ու ընտանիքը։
-Եթե մեկը մյուսին խանգարում է, ուրեմն ինչ-որ մի բան սխալ ես անում կամ ընտանիքում կամ աշխատանքում։ Եթե ամեն բան կազմակերպված ու ճիշտ անես, ոչ մեկ չի տուժի, ընդհակառակը՝ իրար կլրացնեն։
–Որո՞նք են բիզնես վարելու Ձեր կանոնները։
-Բիզնես վարելու հատուկ մշակված կանոններ չունեմ։ Ունեմ իմ կյանքի կանոնները, որոնք հետևյալն են. ամեն ինչ անել սրտով, որովհետև այդ դեպքում անհնար է ինչ-որ բան վատ ստացվի, լինել բարյացկամ, ժպիտով և արդար։
–Աշխատողների հանդեպ հատուկ մոտեցում ունե՞ք։
-Աշխատակիցներին չպետք է ընկալել որպես զուտ աշխատակիցներ։ Եթե ղեկավարն իր աշխատակիցներին վերաբերվում է որպես աշխատակից, նրանք էլ արդեն վերջինիս ընդունում են որպես տնօրեն, ինչն էլ խանգարում է գրասենյակում ջերմ մթնոլորտին։ Աշխատակիցներին պետք է ջերմ վերաբերվել, մոտիվացնել, պարգևատրել։ Դա էլ այնքան ճիշտ դասավորված պետք է լինի, որ աշխատունակությունն աճի, հետևաբար՝ հաճախորդները գոհ կլինեն, բիզնեսն էլ՝ հաջողության կհասնի։
–Հայաստանում տուրիստական գործակալությունների պակաս չի զգացվում։ Միևնույն ժամանակ, «Go travel»-ը շուկայում առաջատարներից է, ո՞րն է ընկերության հաջողության գրավականը։
-Այո, ճիշտ նկատեցիք, Հայաստանում բավականին շատ են տուրիստական գործակալությունները։ Բացի այն, որ մեր գները շատ մրցունակ են, մենք յուրաքանչյուր հաճախորդին լավ ենք սպասարկում, որովհետև որքան էլ գինը մատչելի լինի, եթե ծառայությունը վատն է, մատչելի գինը ոչ ոքի պետք չէ։ Ով այցելում է մեր տուրիստական գործակալություն, արժանանում է ջերմ վերաբերմունքի, որովհետև աշխատակիցներս նախ ջերմ զրույցի միջոցով փորձում են հասկանալ՝ տվյալ անձն ինչպիսի հանգիստ է նախընտրում, ինչ նախասիրություններ ունի և նոր միայն առաջարկում տարբերակներ։
–Հայերն ինչպե՞ս են ընտրում՝ որտեղ մեկնել հանգստանալու, հնարավո՞ր է հատուկ մշակութային միջոցառման համար մեկնեն արտերկիր։
-Երբեմն, բայց հազվադեպ է լինում, որ մեզ դիմեն՝ ասելով, թե այսինչ երկրում որևէ հայտնի անձի համերգ է, ուզում են մեկնել։ Հիմնականում մեկնում են այն երկիր, որտեղ եղել է իրենց հարևանը, բարեկամը կամ ծանոթը և խորհուրդ տվել՝ իրենց էլ մեկնել այնտեղ։
–Իսկ որո՞նք են հայերի նախընտրած ուղղությունները։
-Բնականաբար Եգիպտոսը, Դուբայը, իսկ ամռանը շատ ակտուալ է Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը։
–Ի՞նչ նոր ծառայություններ է առաջարկում հաճախորդներին «Go travel» տուրիստական ընկերությունը։
-Մենք առաջարկում ենք նաև հանգստի ապառիկ տարբերակ. հաճախորդը կարող է մեզ դիմել, ճանապարհորդել, իսկ գումարը վճարել տարվա ընթացքում։
Ամբողջությամբ՝ wnews.am